«Դադարեցրեք Կաթողիկեի այլանդակումը-Հիմա» նախաձեռնող խումբը մայիսի 13-ին, ժամը 19.00-ին, Կաթողիկե եկեղեցու մոտ բողոքի ակցիա է անցկացնելու: Ներկայումս Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Կաթողիկե եկեղեցուն կից շինարարություն է ընթանում:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում կաթողիկոսի երեւանյան նստավայրը եւ Սուրբ Աննա եկեղեցին կառուցելու շուրջ ծավալված քննարկումները եւ բողոքները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանն արդարացի չի համարում: «Տարածքը շարունակելու է լինել կանաչապատ, ավելի բարեկարգ, քան այսօր կամ տարիներ առաջ է եղել: Կաթողիկոսական նստավայրի եւ նոր աղոթավայր տաճարի առկայությունը որեւէ կերպ չեն խամրեցնելու ոչ Սուրբ կաթողիկե եկեղեցու արժեքը, ոչ էլ քաղաքի այդ վայրը: Ընդհակառակը` ավելի գեղեցկացնելու են, պատշաճ են դարձնելու եւ ավելի օգտակար ծառայություն է հասարակությանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նա:

«Երեւանի կենտրոնում գտնվող, բազմաթիվ երկրաշարժերին եւ սովետական մսաղացին դիմակայած Ս. Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցին (13-րդ դ.) այսօր վտանգված է: Այս անգամ խոսքը ոչ թե քանդելու մասին է, այլ`  պատմական միջավայրի աղճատման: Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երեւանյան նստավայրը:

Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են: Թե նոր եկեղեցու, թե նոր նստավայրի դեպքում կիրառվել է բավականին ակտիվ ճարտարապետություն, որը ամբողջովին ճնշում է փոքրածավալ ու զուսպ ճարտարապետությամբ Կաթողիկե եկեղեցուն:Կառուցվող շինություններն իրենց ծավալով ազդում են ոչ միայն Կաթողիկեի, այլ` ամբողջ խաչմերուկի ու շրջակա ճարտարապետության վրա:Պահանջում ենք անհապաղ դադարեցնել շինարարությունը եւ մշակել տարածքի բարեկարգման ավելի ընդունելի նախագիծ»,- ասված է նախաձեռնող խմբի անդամների տարածած հաղորդագրության մեջ: