Երեւանի Արարատյան մաքսատանը արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մաքսատան տարածքում մեկ տարուց ավելի կայանված մեքենան թալանել են:

Մենքենայի սեփականատեր Արմեն Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն ոստիկանությունից մի քանի օր առաջ են տեղեկացրել, որ մեքենան թալանել են:

«Մեքենան վրացական համարանիշներով էր ու անցած տարի մեքենան կինս էր վարել, ոստիկանները տուգանել էին նրա համար, որ ես մեքենայում չեմ եղել ու տեղափոխել էին հատուկ պահպանվող տարածք: Մի քանի օր առաջ էլ ոստիկանության աշխատակիցը հայտնեց, որ մեքենան թալանել են: Համ մեքենայի վրայից էին մասեր հանել, համ ներսից: Մոտ 900 հազար դրամի վնաս են հասցրել նախնական տվյալներով»,-ասաց նա:

Արմենը նշեց, որ մաքսատնից ոչ մի պարզաբանում չեն տալիս, ասում են, որ իրենք ոչինչ չեն տեսել:

«Ասում են մենք ոչինչ չենք տեսել, ոստիկանությանը հարցրեք, ոստիկանությունն էլ ասում է` գողացողի դեմ  բողոք գրեք, ոչ թե մաքսատան դեմ: Բայց մենք մաքսատան դեմ ենք բողոքում, որովհետեւ ես օրական 1500 դրամ եմ վճարելու այնտեղ կայանելու համար ու իրենք են պատասխանատու մեքենայի համար, իմ ավտոտնակում չի եղել կայանված էդ մեքենան»,-ասաց քաղաքացին:

Նա համոզված է, որ այս պատմության մեջ միայն մաքսատունն է մեղավոր, որ փակ եւ հսկվող տարածքում նման դեպք է տեղի ունեցել:

Նա հավելեց, որ մեքենան կայանված է եղել 1.5 միլիոն դրամի չափով: