Ակադեմիկոս Ն.Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցման կլինիկական հետազոտություն անցկացնելու թույլտվություն է ստացել, հայտնում է РБК-ն:

«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է նոր կորոնավիրուսի վարակի կանխարգելման «Գամ-Քովիդ-Վակ» (ապրանքանիշը՝ «Սպուտնիկ V») պատվաստանյութի հետգրանցման կլինիկական փորձաքննություն անցկացնել դրա մշակողին՝ Ռուսաստանի առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փորձաքննությանը կմասնակցեն 40 000 կամավորներ, բոլորն էլ պետք է լինեն 18 տարեկանից բարձր տարիքի: Փորձաքննությանը մասնակցելը կտեւի վեց ամիս՝ պատվաստման օրվանից, այն տեղի կունենա մոսկովյան բժշկական հաստատություններում:

Գամալեյի կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հստակեցրել է, որ փորձարկումները կսկսվեն սեպտեմբերի 4-5-ը, իսկ պատվաստանյութը մոսկովյան կլինիկաներին կհանձնվի սեպտեմբերի 3-ին: Նրա խոսքերը մեջբերել է վիրուսի դեմ պայքարի Մոսկվայի օպերատիվ շտաբը: Հետազոտությունների համար արդեն պատրաստ է պատվաստանյութի 30 000 եւ պլացեբոյի 10 000 չափաբաժին: Նախատեսվում է, որ դեղամիջեցը կարտադրեն «Գեներիում», «Բինոֆարմ» եւ «Ռ-Ֆարմ» ընկերությունները: