Մանիլայում Բոլոր սրբերի օրը գերեզմանատներն առաջին անգամ փակ կլինեն կորոնավիրուսի պատճառով, ինչը կխանգարի կաթոլիկ մեծամասնությամբ երկրի միլիոնավոր բնակիչներին այցելել իրենց հանգուցյալ հարազատներին:
Ֆիլիպինցիները սովորաբար նոյեմբերի 1-ին գնում են գերեզմանատներ` հավատքի եւ վշտի արտահայտումները համատեղելով խնջույքի մթնոլորտի եւ հանպատրաստից ընտանեկան վերամիավորումների հետ, փոխանցում է AFP-ն: Բայց քանի որ դեպքերի թիվը շարունակում է աճել, Մանիլայի քաղաքապետը որոշել է փակել գերեզմանատները` վարակի հետագա տարածումը կանխելու համար:
12 միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքի բնակիչներին հորդորում են հարգանքի տուրք մատուցել իրենց հանգուցյալ սիրելիներին նոյեմբերի 1-ից մեկ շաբաթ առաջ եւ դրանից հետո` մարդկանց կուտակումներից խուսափելու համար:
Բոլոր սրբերի օրվա ծեսը սկիզբ է առել Հին Հռոմում եւ մեծարում է սրբերին: Ֆիլիպինների համար սա այն օրն է, երբ պետք է աղոթել հանգուցյալների համար եւ հիշել նրանց` այցելելով նրանց գերեզմաններ, մոմ վառելով եւ ծաղիկներ դնելով:
Առողջապահության փոխնախարար Ռոզարիո Վերժայրը հայտնել է, որ գերատեսչությունը քննարկում է գերեզմանատները ողջ երկրում փակել առաջարկելու հնարավորությունը:





























