Վրաստանում մեծամասնական շրջաններում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 21-ին, որին կմասնակցի մեծամասնական համակարգով երկուական պատգամավոր, որոնք առաջին փուլում հավաքել են ձայների մեծամասնությունը, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Վերջին տվյալներով՝ Վրաստանի 30 մեծամասնական շրջաններից երկրորդ փուլը կկայանա Թբիլիսիի ութ շրջաններում, ինչպես նաեւ մարզերի վեց շրջաններում:
Ըստ խառը ընտրական համակարգի՝ ընդհանուր առմամբ 120 պատգամավոր կստանա մանդատ կուսակցություններից, որոնք հատել են 1 տոկոսի շեմն ընտրությունների արդյունքում, եւ 30 պատգամավոր, որոնք հաղթել են մեծամասնական շրջաններում: Ընդ որում՝ ձայների 40 տոկոսը հավաքած կուսակցությունը չի կարողանա ապահովել անգամ պարզ խորհրդարանական մեծամասնություն:
Ընտրություններին մասնակցում են ռեկորդային թվով կուսակցություններ՝ 48 կուսակցություն եւ երկու դաշինք:





























