Ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները հանրահավաք են կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելով անվավեր ճանաչել 2020 թվականի ընտրությունները, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:
Ռուստավելի պողոտայի երթեւեկելի մասում հավաքվել է մի քանի հազար մարդ: Նրանք համաձայն չեն ԿԸՀ պաշտոնական արդյունքների հետ, ըստ որոնց՝ «Վրացական երազանք՝ դեմոկրատական Վրաստան» իշխող կուսակցությունը հավաքել է ավելի քան 48 տոկոս ձայն:
Ներկայում ակցիայի ժամանակ ելույթ են ունենում կուսակցությունների երիտասարդական թեւի ներկայացուցիչները:
«Այսօրվանից մենք կհավաքվենք ամեն օր, քանի դեռ նոր ընտրություններ չեն հայտարարվել»,-ամբիոնից ասել է Ազգային շարժման անդամ Սալոմե Սամադաշվիլին:
Համաձայն նախնական տվյալների՝ ձայների 90 տոկոսի հաշվարկի արդյունքում (համամասնական ցուցակներ) խորհրդարանական ընտրությունների առաջատարն է «Վրացական երազանքը»: Իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 48.13 տոկոսը, իսկ հիմնական ընդդիմադիր ուժը՝ «Միասնության ուժ՝ միասնական ազգային շարժում» դաշինքը՝ 26.8 տոկոսը:
Վերջին տվյալներով՝ Վրաստանի 30 մեծամասնական շրջաններից երկրորդ փուլը կկայանա Թբիլիսիի ութ շրջաններում, ինչպես նաեւ մարզերի յոթ շրջաններում:





























