Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն ազդարարել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում նոր ազգային սահմանափակումների ներդրման մասին: Դրանք ներառում են հանգստյան օրերին առեւտրի կենտրոնների փակում, թանգարանների փակում եւ շրջանների միջեւ տեղաշարժի սահմանափակումներ, հայտնում է AP-ը:
Կոնտեն առաջիկայում սպասվող նոր հրամանագրի նախաշեմին օրենսդիրներին ներկայացրել է նոր միջոցառումները։ Նա ասել է, որ հանգստյան օրերին առեւտրի կենտրոնները փակ կլինեն, բացառությամբ մթերային խանութների, թերթի կրպակների, դեղատների եւ ծխախոտի կրպակների: Նա նաեւ հայտարարել է խաղային հաստատությունները եւ խաղային ավտոմատները փակելու մասին:
Նրա խոսքով՝ կներդրվի գիշերային պարետային ժամ: Ներկայում պարետային ժամը գործում է միայն որոշ շրջաններում, ներառյալ՝ Լացիոյում, որտեղ գտնվում է Հռոմը:
Կոնտեն նշել է, որ որոշ միջոցառումներ կփոփոխվեն՝ կախված տարածաշրջանից եւ վիրուսի տարածման ու հիվանդանոցների ծանրաբեռնվածության աստիճանից:





























