Yerevan.Today-ը գրում է. «Այս օրերին, երբ հասարակության ուշադրությունը սեւեռված է պատերազմական գործողություններին, լրատվական խմբագրություններ են բերվում 700 հազար դրամանոց տուգանքի ակտեր, որոնք սպառնում են մամուլի գործունեությանը եւ հայեցողաբար «սեղմում» լրագրողներին:
Պատերազմական դրության պայմաններում օրական տրցակներով ստացվող տուգանքների միջոցով խիստ անբարենպաստ պայմաններ են ստեղծվում հանրային տեղեկացվածության՝ մամուլի դերի ու պարտավորությունների իրացման համար: Այս մասին ահազանգում է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ դիմելով խորհրդարանական երկու ընդիմադիր ուժերին ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնությանը: Նամակով չորրորդ իշխանությունն ակնկալում է, որ վերջիններս ՍԴ դիմելու միջոցով կկասեցնեն մամուլի հանդեպ այսօրինակ ճնշումները։
Ի դեպ, ժուռնալիստների միության նախագահի նամակում ընդգծվում է ոստիկանության հայեցողական մոտեցումների հանգամանքը:
Կդիմի՞ ՍԴ խորհրդարանական երկրորդ մեծ ուժը համարվող ԲՀԿ-ն․ այս հարցին Գագիկ Ծառուկյանի խոսնակ, լրագրողրողական գործունեությամբ դեպի ԱԺ մանդատ ճանապարհ հարթած Իվետա Տոնոյանը միանշանակ չի ասում՝ «այո»․ փոխարենը լրագրողներին սատարող ԲՀԿ հայտարարության տեքստի եւ քայլերի ուշացումը Տոնոյանը Yerevan.Today–ի հետ զրույցում պատճառաբանում է այսպես. «Քանի որ ԲՀԿ ական գործիչները ցրված են տարբեր ուղղություններով, ոմանք Հայաստանում չեն, իսկ մի մասը գտնվում է սահմանին, մենք խմբակցության նիստ հրավիրելու հնարավորություն չունենք, ԲՀԿ խմբակցության ներսում պիտի մենք քննարկումն ունենանք, հետո նոր պաշտոնապես հայտարարվի մեր մոտեցումը այդ հարցին: Նկատել եք, այս օրերին ԲՀԿ-ն ընդամենը երկու պատգամավորի ներկայություն է կարողանում ապահովել նիստերին, սպասենք գործընկերներիս վերադարձին»։
Ինչ վերաբերում է խտրական մոտեցմանը, Տոնոյանն ասաց․ «Որպես լրագրող եմ ասում, ինձ համար բացարձակ անընդունելի է լրագրողական գործունեության նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակում, առավել եւս, երբ այդ վարչական տուգանքներով մոտեցումը դրսեւորվում է հայեցողաբար:
Ես առավել քան վստահ եմ, որ նույն ռազմական դրության պայմաններում գործող լրատվամիջոցներն ունեն քաղաքացիական բարձր գիտակցություն ու մասնագիտական բավարար հմտություն եւ կամք, որպեսզի իրենց գործունեությունը կազմակերպեն այնպես, որ հրապարակումներով հանդես չգան օրենքին հակասող դիրքերից:
Ուստի այս դեպքում լրիվ կասկածի տակ է դրվում օբյեկտիվ լրատվության դերի խնդիրը, որին փորձում են հետեւել լրատվամիջոցները: Կարծում եմ՝ բոլոր տիպի սահմանափակումները պիտի լինեն իրավաչափ ու չխոչընդոտեն քաղաքացիների ազատ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը»։ Իվետա Տոնոյանն այդպես էլ չորոշակիացրեց ժամկետները, երբ ի վերջո հնարավոր կդառնա ԲՀԿ սպառիչ դիրքորոշումը հասկանալ՝ Չորորդ իշխանության նկատմամբ կիրառվող ոստիկանական գործողությունների մասով:
Նշենք, որ ԱԺ մյուս՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնը Մարուքյանը եւս հրաժարվել է ՍԴ դիմել։
Նշենք, որ ոստիկանությունը լրատվականներին տուգանելու ռեկորդ է սահմանել արդեն․ միայն «168 ժամ»-ն ունի 12 տուգանք, Yerevan.Today-ը 11։ Մի շարք այլ թերթեր ու կայքեր էլ ունեն մի շարք տուգանքներ»։





























