Լեհաստանի իշխանությունները չեն բացառել ազգային կարանտինի սահմանման հավանականությունը, եթե կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճի, հաղորդում է Reuters-ը:

Առողջապահական համակարգի ներկայացուցիչների խոսքով՝ պակասում են հիվանդանոցային մահճակալները, թոքերի արհեստական օդափոխման սարքերը, դեղամիջոցները, քանի որ ամենօրյա վարակումների եւ մահերի թիվը հասել է նոր ռեկորդային մակարդակի:

Վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է, որ խանութների մեծ մասը, թատրոնները, թանգարանները, պատկերասրահներն ու կինոթատրոնները կփակվեն շաբաթ օրվանից: Նրա խոսքով՝ դասերը կանցկացվեն հեռավար կարգով երկուշաբթի օրվանից:

«Եթե այդ ծրագիրը հաջողության չհասնի, ապա մեկ շաբաթ կամ 10 օր անց մենք ազգային կարանտին կսահմանենք»,-ասել է Մորավեցկին:

Լեհաստանում արդեն փակ են բարերն ու ռեստորանները, սահմանափակվել է լողավազանների գործունեությունը:

Ավելի վաղ Լեհաստանը հայտնել է կորոնավիրուսով վարակման 24 692 եւ մահվան 373 դեպքերի մասին:

Իշխող «Արդարություն եւ իրավունք» կուսակցությունը հայտարարել է, որ աբորտները գրեթե ամբողջությամբ արգելող նոր օրենքի դեմ վերջին խոշոր ցույցերը հանգեցրեցին կորոնավիրուսի տարածմանը:

Սակայն որոշ իմունաբաններ նշել են, որ ցուցարարները դիմակով են եղել, սոցիալական հեռավարություն են պահպանել եւ ակցիա անցկացրել բաց տարածքում, ինչը նվազեցնում է վարակումների ռիսկը: