Սահմանադրական դատարանի աշխատակազմը երեկվանից նոր ղեկավար ունի։ Այդ պաշտոնում տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանին փոխարինել է Սամվել Առաքելյանը։ Հիշեցնենք, որ վիճահարույց Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում լիազորությունների դադարեցումից հետո Էդգար Ղազարյանը նշանակվել էր աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը համարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձ, իսկ վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության դեպքում վարչական պաշտոն զբաղեցնող անձը, որպես ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է պաշտոնավարել մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

NEWS.am–ի հետ զրույցում Էդգար Ղազարյանը նկատեց՝ թեև ՍԴ նոր նախագահ Արման Դիլանյանը փորձել է ֆորմալ առումով պահել իրեն աշխատանքից ազատելու ընթացակարգերը, սակայն ըստ նրա՝ ՍԴ–ի շուրջ կատարված հակասահմանադրական գործընթացների տրամաբանության մեջ իր պաշտոնանկությունը չի կարող համարվել լեգիտիմ։

«Եթե մեր երկրում օրինականություն, Սահմանադրության գերակայություն տիրեր, և Սամանադրությունը չխախտվեր, պարոն Թովմասյանը կշարունակեր պաշտոնավարել, իսկ պարոն Դիլանյանը որևէ պարագայում չէր կարող դառնալ ՍԴ նախագահ»,–ասաց նա՝ հավելելով որ Դիլանյանի որոշումները՝ այդ թվում իրեն աշխատանքից ազատելու, չեն կարող օրինական համարվել։

Ղազարյանը նշեց, որ Արման Դիլանյանը հայտարարել է, որ չի ցանկանում իր հետ աշխատել, մինչդեռ նա վստահ է, որ իր ազատման որոշումը կայացրել է ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը։

«Նախկինում, երբ ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Աշոտ Խաչատրյանն էր, Վահե Գրիգորյանը գրավոր դիմել է պարոն Խաչատրյանին  և առաջարկել ինձ պաշտոնից ազատել, սակայն այն ժամանակ նպատակին չի հասել։ Իսկ այժմ, երբ պարոն Գրիգորյանը փաստացի ազդեցություն ունի պարոն Դիլանյանի գործունեության վրա, իսկ դա միայն ինձ պաշտոնից ազատելով չի սահմանափակվում, այլ բազմաթիվ այլ դրվագներով, պարոն Դիլանյանը հլու–հնազանդ կատարել է պարոն Գրիգորյանի վաղեմի երազանքը»,–ասաց նախկին պաշտոնյան։

 Հարցին, թե Վահե Գրիգորյանը որևէ անձնական կամ այլ խնդիր ունի՞ իր հետ, Ղազարյանն արձագանքեց.

«Ինքը միայն ինձ հետ խնդիր չունի, ինքը նաև իր հետ խնդիր ունի, ինքը պատահական մարդ է, որը հայտնվել է Սահմանադրական դատարանում զուտ իր քաղաքական կարգավիճակի համար։ Եթե մեր երկրի հասարակական կյանքը տրամաբանական զարգացումներով ընթանար, նա ոչ մի պարագայում չէր կարող Սահմանադրական դատարանի դատավոր դառնալ։ ՍԴ դատավորի պաշտոնը իր կյանքի առաջին պետական պաշտոնն է, նա ոչ անցած ճանապարհ ուներ, ոչ էլ վաստակ նման կարգավիճակ ստանալու համար։ Նա հայտնվելով այդ կարգավիճակում, ակամայից հայտնվել է կոնֆլիկտների մեջ։ Նա կոնֆլիկտներ գեներացնող, կոնֆլիկտներ արտադրող երևույթ է։ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված այս ամբողջ ճգնաժամի պատճառը նա է։ Երեք ամիս Սահմանադրական դատարանը ոչ մի նիստ՝ այդ թվում աշխատակարգային, չկարողացավ գումարել, իսկ հիմա ՍԴ–ն հայտնվել է մեկ այլ ճգնաժամի մեջ՝ կայացնում է որոշումներ, որոնց իրավունքները չունի, այսինքն՝ կան գործեր, որոնցով խախտվել են ժամկետները, բայց ՍԴ–ն շարունակում է որոշումներ կայացնել։ Իսկ այս ամենի հեղինակն, ըստ էության Վահե Գրիգորյանն է»,–ասաց Էդգար Ղազարյանը։

Եզրափակելով՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը նկատեց՝ իր և մյուսների պաշտոնանկությունները փոքր մասն են այն խնդիրների, որ այսօր առկա է Սահմանադրական դատարանում։