ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) թռիչքների վթարային պիտանիության վերաբերյալ հրահանգ է թողարկել, որը Pratt & Whitney PW4000 շարժիչների որոշակի տեսակներով հագեցած օդանավերի ամերիկյան օպերատորներից պահանջում է այդ շարժիչները զննել թռիչքից առաջ: Այս մասին հաղորդվում է FAA կայքում: 

Վարչության այս գործողությունները պայմանավորված են միջադեպով, որը շաբաթ տեղի էր ունեցել Boeing 777-200 օդանավի հետ Դենվերի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:

Չնայած այն հանգամանքին, որ օդանավը բարեհաջող վայրէջք էր կատարել, խափանումը հանգեցրել էր շարժիչի վնասման, հրդեհի եւ օդանավի վնասման:

Հիշեցնենք, որ շաբաթ Կոլորադոյում 241 մարդ փոխադրող Boeing 777-ի շարժիչը խափանվել էր, ինչի հետեւանքով օդանավից պոկվել էին շարժիչի կողվածքի խոշոր բեկորներ:

Նշվում էր, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Դենվերի միջազգային օդանավակայանում:

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը զբաղվում է այս միջադեպի քննությամբ եւ Կոլորադոյի բնակիչներին խնդրել է բեկորներին ձեռք չտալ, եթե դրանք գտնեն:

Տրանսպորտի նախարար Պիտ Բուտիջիչը MSNBC-ին հայտնել է, որ գերատեսչության հետ աշխատելու է շարժիչի խափանման հետաքննության ժամանակ՝ «հասկանալու համար այն դասերը, որ քաղվում են այս կերպ, որպեսզի անվտանգության զգացումն առավելագույն մեծացվի ամեն անգամ, երբ օդանավ ենք նստում»: