COVID-19-ի երրորդ ալիքը մոտ ժամանակներս կարող է հարվածել Եվրոպային։ Եթե բավարար թվով մարդիկ չպատվաստվեն, սահմանափակումները կվերականգնվեն աշնանը, ասել է Ռոբերտ Կոխի ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Լոտար Վիլերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եվրոպայում մենք պետք է զգուշանանք (COVID-19-ի երրորդ ալիքի սկիզբը - խմբ.): Ես չեմ ուզում մեկնաբանություններ անել այլ երկրների մասին, մենք բոլորս կարող ենք տեսնել թվերը: Ինչ վերաբերում է Գերմանիային, մեզ մոտ սկսվում է երրորդ ալիքը: Մենք ունենք հստակ ազդանշաններ: Եւ պարզ է, որ հանրային առողջապահական միջոցառումները, ներառյալ շփումների կրճատումը եւ դիմակներ կրելը, դեռ ուժի մեջ են»,- ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում հավատարմագրված Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի մամուլի ասուլիսում ասել է նա:

Նրա խոսքով՝ պետությունները պետք է առավելագույնս պահպանեն այս միջոցառումները, քանի որ դրանք օգնել են փրկել հազարավոր կյանքեր: Պատասխանատվությունը դրված է նաեւ հենց մարդկանց վրա: «Գերմանիայում ես տեսնում եմ, որ երրորդ ալիքն արդեն սկսվել է: Եւ սա հատկապես մտահոգիչ է: Այնպես որ, մենք պետք է առավել սեղմ ժամկետներում պատվաստենք հնարավորինս շատ մարդկանց, հակառակ դեպքում կունենանք ավելի լուրջ դեպքեր, քան կարող ենք հաղթահարել»,- ասել է նա:

Կոխի ինստիտուտի ղեկավարը հավելել է, որ պատվաստումը ցույց է տվել իր ազդեցությունը, մասնավորապես՝ Գերմանիայի տարեց մարդկանց շրջանում, որտեղ հիվանդության լուրջ դեպքերի թիվը նվազել է:

Սակայն իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու եւ սահմանափակող միջոցներին վերադառնալու վտանգ կա: Օրինակ, եթե այս կամ այն դեղագործական ընկերությունը չի կարող բավարար քանակությամբ պատվաստանյութեր արտադրել, կամ լրատվամիջոցներում պատվաստումների վտանգի պատկեր է ստեղծվում: «Եթե հանկարծ պատվաստում չկատարվի, կամ ինչ-ինչ պատճառներով մարդկանց անբավարար քանակ պատվաստվի, ապա ես միանգամայն համոզված եմ, որ Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում սահմանափակումները կվերականգնվեն այս աշնանը»,- ընդգծել է փորձագետը: