«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրի իր թեկնածությունը Սերժ Սարգսյանի դեմ»,- այսօր՝ մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։ «Այո, Ռոբերտ Քոչարյանն ուժեղ մրցակից է, բայց ես չեմ կարծում, որ նա կարող է իր թեկնածությունն առաջադրել Սերժ Սարգսյանի դեմ Մենք գնում ենք միասնականության, ուժերի կոնսոլիդացման ճանապարհով, եւ մեր դիմաց ունենալով Ղարաբաղի ծանր խնդիրը։ Կարծում եմ՝ երբ իրար բարեկամ ուժերը իրար դեմ թեկնածություն դրեցին, ապա դա քաոսի կվերածվի։ Կարծում եմ, որ Քոչարյանը դա չի անի»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը։ Նա նաեւ նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուն Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանն է լինելու։ Իսկ լրագրողների ճշտող հարցին ի պատասխան՝ ո՞վ է լինելու Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակիցը նախագահական ընտրություններում՝ ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց, թե նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակիցը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ով, սակայն պարտություն կրեց։ «Իսկ ներկայումս դեռեւս չեմ տեսնում այդպիսի լուրջ մրցակից, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջվանը չէ, ինչ 2008 թվականին էր»։
Ռազմիկ Զոհրաբյանն անդրադարձավ նաեւ Ռ. Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու խնդրին՝ նշելով, որ նա այժմ էլ քաղաքականության մեջ է։ «Ռոբերտ Քոչարյանը, որպես Հայաստանի նախկին նախագահ, եւ որպես ղարաբաղցի, կարող է շատ խնդիրներ լուծել ի նպաստ Հայաստանի»,- շեշտեց ՀՀԿ փոխնախագահը։ Երբ NEWS.am-ը փորձեց ճշտել՝ նախկին նախագահ Քոչարյանը ներկայումս լուծո՞ւմ է Հայաստանին վերաբերող որեւէ խնդիր, թե՞ ապագայում պետք է լուծի, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ընդհանրապես, նախկին նախագահներն աշխատում են իշխանությունների հետ միասին, որովհետեւ նրանք ունեն մեծ կապեր, ազդեցություններ, եւ նրանց ընդունում են։ Եւ այդ առումով սխալ կլինի չօգտագործել Քոչարյանի հնարավորությունները»։ Ռ. Զոհրաբյանը կարծում է, որ Քոչարյանը ներկայումս իր հնարավորությունները լիովին չի օգտագործում, բայց հույս ունի, որ ապագայում կօգտագործի իր ողջ պոտենցիալը։ «Շատ վատ է, որ Լեւոն Տեր-Պետրոյսյանը 10 տարի մեկուսացած նստեց ու չօգտագործեց իր գիտելիքներն ու հնարավորությունները։ Չէ՞ որ առաջին նախագահն ուներ այդ կապերը։ Այ դա չեմ ընդունում»։ Իսկ գուցե հիմա՞ հնարավորություն տրվի Լեւոն Տեր-Պետրոսյանին օգտագործել իր կապերն ու գիտելիքներն ի նպաստ ԼՂ հարցի՝ NEWS.am-ի դիտարկմանը ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ինքը իր գիտելիքները ոչ վաղ անցյալում կիրառել է եւ արդյունքում պարտվեց»։


























