ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հավանում է Հայաստանի արտգրծնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքը։ Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը՝ Զոհրաբյանը՝ նշելով. «Նալբանդյանը բավական գրագետ դիվանագետ է, ես հավանում եմ նրա աշխատանքը։ Թուրքերն իրենից ավելի շատ են վախենում։ Ասում են՝ ա՜յ մարդ, էս մարդը տանկի պես ա գալիս…»։ NEWS.am-ը փորձեց ճշտել Ռազմիկ Զոհրաբյանից՝ ի՞նչ կարծիքի է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի մասին, գո՞հ է նրա կատարած աշխատանքից։ «Ժամանակին գոհ էինք։ Գոհ չենք, որ նա իր անցած 10 տարվա աշխատանքն սկսեց քննադատել։ Բայց չէ՞ որ 10 տարի նա ԱԳ նախարար է եղել։ Այսինքն, 2 տարի է անցել դրանից հետո, մենք սկսեցինք վա՞տ աշխատել։ Այսօրվա դիվանագիտության հիմքերը հենց իր կողմից են դրված, չէ՞»,- արձագանքեց Զոհրաբյանը։

ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաեւ Եվրախորհրդարանի կողմից ընդունված 2216 բանաձեւին, որում ոչ հայանպաստ ձեւակերպումներ կան եւ մասնավորապես խոսվում է «օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրս բերման մասին։ Ռ. Զոհրաբյանն այդ բանաձեւը բնորոշեց որպես «շարքային բանաձեւ», եւ առաջարկեց «մեծ ողբերգություն» չտեսնել դրանում։ «Հուսանք, որ հաջորդ բանաձեւերը նպաստավոր կլինեն»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով. «Այսօր ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները գնում են „Մադրիդյան սկզբունքների“ շրջանակներում, որոնք են ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում եւ տարածքային ամբողջականություն։ Սա մի՞թե ավելի կարեւոր չէ, քան բանաձեւը, քանի որ „Մադրիդյան“ փաստաթղթում ասվում է, որ Ղարաբաղը կարող է ինքնորոշվել եւ հետագայում անկախանալ։ Այսինքն, պետք չէ նշանակություն տալ այդ բանաձեւերին։ Եթե ամեն մի բանաձեւի էդքան լուրջ վերաբերվենք, ներվերներս չի դիմանա»,- ամփոփեց ՀՀԿ-ական գործիչը։