«Հայաստանում առաջիկայում արտահերթ ընտրություններ չեն լինելու»,- մայիսի 27-ին հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը՝ անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացված պահանջին՝ հունիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ։ «Ես նրանց այդ պահանջին նորմալ եմ վերաբերվում», ասել է Զոհրաբյանը։

Ժողովրդավարություն է, եւ ընդդիմությունը կարող է ամեն օր, ամեն ժամ պահանջներ ներկայացնել իշխանություններին",-հայտարարել է պատգամավորը։ ՀԱԿ-ը, նշենք, արտահերթ ընտրությունների անցկացումը համարում է ԼՂ հարցում ոչ հայանպաստ լուծումներից խուսափելու միջոցներից մեկը։ Ռազմիկ Զոհրաբյանը առաջարկում է ընտրությունների հարցը չկապել ԼՂ խնդրի հայանպաստ կամ ոչ հայանպաստ լուծման հետ։

«Ընտրությունների անցկացման թեման ընդդիմության ձիուկն է՝ „կանյոկը“։ Իրենց մնում է ընդամենը երկու տարի, եւ իրենք պետք է պատրաստվեն ընտրություններին, աղմուկ բարձրացնեն, միտինգներ անցկացնեն»,- նշել է ՀՀԿ-ական պատգամավորը։ Նա առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի շանսերը գնահատում է նորմալ։ Իսկ արդյո՞ ք կկարողանա դարձյալ մեծամասնություն կազմել ԱԺ-ում՝ Զոհրաբյանն արձագանքեց. «2007 թվականին էլ մենք մեծամասնություն կազմեցինք, բայց հետո կոալիցիա ձեւավորվեց։ Ես չեմ կարող ասել, որ հաջորդ անգամ նման քայլ կանենք, թե չէ։ Բայց, բնականաբար, ձգտելու ենք մեծամասնության»։ Հարցին՝ ՀՀԿ-ն որոշե՞լ է, թե առաջիկա ընտրություններին ինչ ձեւաչափով է մասնակցելու, առանձի՞ն, թե՞ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ դաշինք կազմած, նա ասել է. « Քննարկումներ այդ կուսակցության հետ դեռեւս չկան, բայց բնական է, որ իրենք պետք է ձգտեն ԱԺ-ում, կառավարությունում ունենալ իրենց տեղերը։ Բայց մրցակցության մեջ պետք է պատշաճության չափը չանցնել»,-ընդգծեց պատգամավորը։ Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի շանսերին՝ ՕԵԿ-ը, հույս ունենք, որ մեզ հետ ապագայում էլ կհամագործակցի, եւ պետք է ուժերը լարի, որպեսզի 5 տոկոսի շեմը անցնի",-նկատեց ՀՀԿ փոխնախագահը։ Ըստ նրա, ապագա խորհրդարանում տեղ կունենա նաեւ Հայ ազգային կոնգրեսը։