Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 92-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել «Ժառանգություն» կուսակցությունը:

Կուսակցության ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեր նոր պետությունը ծնվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի մատույցներում հայ ժողովրդի հերոսական մաքառման եւ քաջագործությունների արդյունքում: Պատմությունը հաճախ դաժան, սակայն միշտ կարեւոր դասեր է տվել մեզ, որոնք միշտ չէ, որ սերտել ենք: Գլխավոր դասն այն է, որ նման անհանգիստ եւ վտանգաշատ տարածաշրջանում, ինչպիսին մերն է, հայ ժողովուրդը պարտավոր է մշտապես աչքի լույսի պես պահպանել իր անկախ պետականությունը եւ նրա կարեւորագույն ատրիբուտները` ազգային բանակը, ազգային կրթությունն ու գիտությունը, իրենց գործառույթների շրջանակներում արդյունավետ գործող պետական մյուս հանրակարգերը, ինչպես նաեւ պետության ներսում արդարությունն ու օրինականությունը` խարսխված քաղաքացիների իրավահավասարության վրա: Մեր նորանկախ Երրորդ Հանրապետությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը Առաջին անկախ եւ Երկրորդ կիսաանկախ Հանրապետությունների պես կայացել են հայ ազգի բնօրրանը հանդիսացող Հայկական լեռնաշխարհի շատ փոքր հատվածի վրա: Այս հանգամանքը առավել շատ է պարտավորեցնում մեզ համախմբել բոլոր մեր ուժերը` հոգեւոր, ոգեղեն, թե ֆիզիկական, պաշտպանելու մեր այս երկու ազգային հանրապետությունների ամբողջականությունը եւ անսասանությունը»: