Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան հետ կապված ծառայողական քննության արդյունքում Չարենցավանի ոստիկանության պետ Նորիկ Հեբոյանը եւ բաժնի եւս երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքով` Չարենցավանի ոստիկանության պետը «իրավունք չուներ շարունակել այդ բաժնում աշխատել, քանի որ նման բարձիթողի վիճակը նաեւ ղեկավարության թույլ հսկողության արդյունք է»:

Միաժամանակ, Հայաստանի ոստիկանության պետը եւս մեկ անգամ բացառել է Չարենցավանի ոստիկանությունում Խալաֆյանի սպանության վարկածը:

Հիշեցնենք, որ Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ավելի վաղ կալանավորվել են Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը եւ նույն բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը: