Խաղաղապահ առաքելության շրջանակներում Աֆղանստանում ներկայումս ծառայում է քառասուն հայ զինծառայող։ Մայիսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեղեկությամբ հանդես եկավ Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը։

Նրա խոսքով, հայկական զորախումբը, որ կցված է գերմանական ստորաբաժանմանը, իր ծառայությունն իրականացնում է աֆղանական Կունդուզ քաղաքի օդանավակայանի տարածքում։ «Հայ խաղաղապահները, գերմանացի զինծառայողների հետ համատեղ, ապահովում են Կունդուզի օդանավակայանի շենքի, թռիչքուղու եւ անցագրային կետերից մեկի անվտանգությունը։ Ընդ որում, գիշերային ծառայություն նախատեսված չէ, եւ տղաները աշխատում են առավոտից մինչեւ ուշ երեկո»,- նշեց գնդապետ Սիմոնյանը՝ հավելելով, սակայն, որ մոտ ժամանակներս նախատեսվում է ծառայությունը դարձնել շուրջօրյա։

Խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղեկացմամբ, հայ զինվորականները Աֆղանստանում ծայառության անցնում են պայմանագրային հիմունքերով։ «Սկզբում պայմանագիրը կնքվում է երեք ամիս ժամկետով, ինչից հետո մեր եւ զինծառայողի միջեւ կնքված համաձայնության հիման վրա պայմանագրի ժամկետները երկարաձգվում են մինչեւ երեք տարի»,- նշեց Սիմոնյանը՝ նկատելով, որ ներկայումս իրենք ունեն պայմանագրային ծառայություն անցնելու ցանկություն հայտնած մոտ 400 դիմումատու։

Հարցին, թե որքա՞ն է կազմում Աֆանստանում ծառայություն անցնող հայ խաղաղապահների աշխատավարձը, բրիգադի հրամանատարն ասաց, որ տղաներն ստանում են ամսական մոտ 700 հազար դրամ, գումարած իրենց այստեղի՝ 100 հազար դրամից մի փոքր ավել աշխատավարձերը։

Ամփոփելով՝ գնդապետ Սիմոնյանն ընդգծեց, որ հայ խաղաղապահները իրենց անբասիր ծառայության համար գերմանական ստորաբաժանման կողմից բազմիցս պարգեւատրվել են եւ գովասանքների արժանացել։ «Ինչ վերաբերում է տղաների վերադարձի ժամկետներին, ապա հիշեցնեմ, որ նրանք Աֆղանստան մեկնեցին հունվարին. վերադարձը նախատեսված է օգոստոսի կեսերին»:

Հիշեցնենք, որ հայ զինվորականները Կոսովոյում եւ Իրաքում խաղաղապահ առաքելություն իրականացնում են 2004-ից, իսկ Աֆղանստանում՝ 2010 թվականի փետրվար ամսից։