Մայիսի 28-ին Սոֆիայում Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում Բուլղարիայի նախագահությամբ տեղի է ունեցել ՍԾՏՀ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 22-րդ հանդիպումը, որին մայիսի 26-27-ը նախորդել էր կազմակերպության անդամ-երկրների Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նա հանդես է եկել ՍԾՏՀ գործող նախագահության առաջնայնությունների իրականացման ուղղությամբ Հայաստանի գործնական մասնակցության մասին ելույթով:

Նիստի արդյունքում ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհուրդն ընդունել է մոտ երեք տասնյակ որոշումներ ՍԾՏՀ առաջնային օրակարգի շրջանակում տնտեսական համագործակցության խթանման վերաբերյալ:

Կարեւոր որոշում է ընդունվել ՍԾՏՀ-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացման մասին: Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում հերթական նախագահությունը փոխանցվել է Հունաստանին:

Մայիսի 28-ին փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ փոխնախարար Մարին Ռայկովի հետ: Քննարկվել են հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մասնավորապես` այս տարվա սեպտեմբերին Երեւանում կայանալիք հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ գործարար համաժողովի նախապատրաստական խնդիրները, Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում անցկացվող միջոցառումների ընթացքը: