Մայիսի 27-ին Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Սինգապուրի նախագահ Սելապան Ռամանաթանին (Sellapan Ramanathan):
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում նախագահ Սելապան Ռամանաթանը համոզմունք է հայտնել, որ իր առաքելությամբ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին:
Խոսելով երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների մասին` ՀՀ նորանշանակ դեսպանը շեշտել է Հայաստանի եւ Սինգապուրի գործարար շրջանակների միջեւ անմիջական կապեր հաստատելու անհրաժեշտությունը: Նշվել է նաեւ Սինգապուրի հարուստ փորձի օգտագործման կարեւորությունը ՀՀ տնտեսական զարգացման եւ հասարակական ինստիտուտների ամրապնդման գործընթացներում:
Երկուստեք ընդգծվել է քաղաքական երկխոսության ակտիվացման եւ տարբեր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Դեսպան Սարգսյանը Սինգապուրի նախագահին համառոտ ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, խոսել տարածաշրջանային խնդիրների, հարեւան պետությունների հետ առկա հարաբերությունների մասին:
Զրույցի ընթացքում նախագահ Ռամանաթանը անդրադարձել է Սինգապուրի պատմության մեջ հայազգի գործիչների ունեցած բացառիկ դերակատարությանը: Խոսելով երկու ժողովուրդների միջեւ նաեւ մշակութային կապեր հաստատելու անհրաժեշտության մասին` նա առաջարկել է քայլեր ձեռնարկել մշակութային փոխանակումներն ակտիվացնելու ուղղությամբ:


























