Մեր համաքաղաքացիներից շատերը՝ հատկապես երիտասարդ տարիքի մարդիկ, դժվարացել կամ առհասարակ չեն կարողացել պատասխանել NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ տոն է նշվում այսօր՝ մայիսի 28-ին։

Հարցվածներից շատերը, հավանաբար այնքան էլ լավ տեղյակ չլինելով օրվա խորհրդին կամ ինչ-որ բան շփոթելով, մայիսի 28-ը համարեցին անկախության օր։ Նրանցից միայն մի քանիսը՝ առավելապես մեծահասակները, նշեցին, որ այսօր նշվում է 1918 թվականին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության օրը։

Մասնագիտությամբ ինժեներ-կոնստրուկտոր, 84-ամյա Աիդա Գասպարյանը, ով ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի որդու՝ Գեորգի Թամանյանի հետ նախագծել է Կիեւյան փողոցը, Բյուրականի աստղադիտարանի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի շենքերը, նշեց, որ մայիսի 28-ն իր համար արտակարգ ուրախ օր է։ «Ես վանեցի եմ եւ մեծ հպարտություն, ուժ եմ զգում այս օրերին։ Երեկ թխվածք ենք պատրաստել, այնպես որ այսօր ամբողջ ընտանիքով տոնական սեղանի շուրջ կհավաքվենք եւ կնշենք օրը»,- ասաց նա։

Իսկ ահա 22-ամյա Արամն այդպես էլ չհիշեց, թե ինչ օր է այսօր։ «Եսի՞մ, չգիտեմ»,- հարցին ի պատասխան ասաց նա, այնինչ նրա ընկերուհին՝ 20-ամյա ուսանողուհի Աննան թեեւ գիտեր, որ այսօր Առաջին հանրապետության օրն է, սակայն ասաց. «Ինձ համար, սակայն, սովորական, մյուս օրերից չտարբերվող օր է»։

Մասնագիտությամբ մանկավարժ 39-ամյա Կարինե Մանուկյանն էլ նշեց. «Դաշնակների հետ կապված օր է, կամ դրա հետ կապված մի բան, կարծեմ այսօր Սահմանադրություն են ընտրել»:

75-ամյա մաթեմատիկոս Արմեն Գեւորգյանը սկզբում շփոթվելով, նշեց, թե այսօր հայկական բանակի օրն է, սակայն փոքրիկ հուշումից հետո բավական մանրամասն անդրադարձ կատարեց պատմությանը՝ հիշատակելով 1918 թվականին հռչակված Առաջին հարապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունու եւ Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի անունները։ Հարցին, թե պատրասվո՞ւմ է տոնը նշել, նա ասաց, որ ընտանեկան խնջույք են նախապատրաստել։ Նրա ընկերը՝ նախկին իրավաբան Կարեն Զաքարյանն էլ ասաց. «Բա իհարկե, կհավաքվենք, մի-մի թաս կխմենք»:

32-ամյա ճարտարագետ-մեխանիկ Հայկազը, ով ընտանիքի հետ զբոսանքի էր դուրս եկել, հստակորեն նշեց. «Օրը որպես տոն ընկալում ենք այնքանով, որքանով ոչ աշխատանքային օր է, եւ հնարավորություն կա ընտանիքի հետ հաճելի ժամանակ անցկացնել։ Իսկ ընդհանրապես, ուրախ եմ, որ ազատ եւ անկախ երկրում ենք ապրում»:

«Այսօր առաջին հանարպետության օրն է եւ այն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետեւ առաջին Հանրապետությունը հռչակվել է իմ պապի կողմից: Նա ճիշտ էր, երբ որոշեց անկախություն հռչակել, պարզապես մենք չկարողացանք ճիշտ օգտագործել: Ես համոզված եմ, որ ինքը հիմա ապրեր, շատ ուրախ կլիներ: Ես ոչ մի ձեւով չեմ նշում տոնը, որովհետեւ աշխատանքի եմ»,-ասաց տիկին Լիզան, ով չցանկացավ նշել տարիքն ու ազգանունը:

«Մայսի 28-ը Հայաստանի անկախության, պետականութjան վերականգման օրն է: Կարեւոր օր է, որովհետեւ ժողովրդի մոտ պետական մտածողության հիմք դրվեց: Տոնը որեւէ կերպ չեմ նշում, աշխատանքից նոր եմ տուն եկել եւ հիմա հանգստանում են»,-նշեց 46 ամյա Վահե Հովհաննիսյանը:

Իսկ 19-ամյա Օհանյան Տաթեւիկն ասաց, որ առաջին հանրապետության օրը մինչ վերջերս նա նշել է Սարդարապատ գնալով: «Մինչեւ անցած տարի ամեն մայիսի 28-ին ընտանիքով գնում էին Սարդարապատ, այս տարի չստացվեց»,-ասաց նա: