Առկա իրավիճակը սարդարապատային է, իսկ առաջին հանրապետության օրվա խորհուրդը՝ խեղված ու իմաստազրկված՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Սարդարապատ» շարժման անդամ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը։
«Այս իշխանությունները մեր պետականությանն առնչվող բոլոր խորհուրդներն, սիմվոլներն ու արժեքները խեղեցին։ Առաջ՝ Արցախյան շարժման տարիներին, բոլորիս մեքենաների մեջ փոքրիկ եռագույն դրոշն էր դրված ու մենք բոլորս հպարտանում էինք մեր դրոշով, մեր զինանշանով, մեր հիմնով։ Բայց հիմա մարդիկ մոռացել են այդ սիմվոլները, քանի որ ինքնահռչակ իշխանավորները ցածր խավի մարդիկ են եւ ուզում են ազգն էլ իրենց նման ցածր մակարդակ ունենա, այդ պատճառով էլ համատարած խեղում են երկրի սիմվոլներն ու արժեքները»,- ցավով նշել է Մալխասյանը։ Նա նաեւ հավելել է. «Երբ իմ շրջապատի մարդկանց հարցնում եմ՝ ի՞նչ օր է մայիսի 28-ը, մարդիկ ինձ դժկամությամբ պատասխանում են՝մենք էսօր ապրուստի հնարավորություն չունենք, դու մայիսի 28-ի՞ց ես հարցնում։ Եւ սա այն ժողովուրդն է, որը դարեր անց վերջապես անկախություն է ձեռք բերել, սակայն այսօր օտարված է իր մեծագույն ձեռքբերումից, ինչում մեծ է այսօրվա իշխանությունների մեղքը»:
Վարդան Մալխասյանը խեղված արժեքների ու սիմվոլների պայմաններում ապրող Հայաստանի քաղաքացիներին մաղթել է խելքի գալ ու պայքարել այս վիճակից դուրս գալու համար։ «Մենք պիտի անընդմեջ պայքարենք, մենք չպիտի հուսահատվենք։ Մեր ժողովուրդը սրանից ավելի ծանր իրավիճակներում է եղել, ամեն ինչ կորցրել է, բայց ոգին չի կորցրել։ Մենք այժմ կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Արդեն իսկ կորցրել ենք սահմանադրական կարգը, եւ շուտով հայեցիությունն էլ կկորցնենք, քանի որ իշխանությունները մտադիր են օտարալեզու դպրոցներ բացել։ Եւ այժմ եղած խնդիրներին գումարվել է ազգն ու ազգի կերպարը փրկելու խնդիրը»,- նկատել է նախկին քաղբանտարկյալը։


























