Մայիսի 25-28-ը Մոսկվայում կայացել է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի հոգեւորականաց դասի տարեկան հաշվետու ժողովը` նախագահությամբ Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի մամլո Դիվանից, տերունական աղոթքից հետո ողջույնի խոսքով հանդես է եկել Առաջնորդ Սրբազան Հայրը` բարի գալուստ մաղթելով տարբեր երկրներից եւ քաղաքներից ժամանած քահանաներին: Ապա տեղի է ունեցել հոգեւոր դասի հաշվետու ելույթները: Քահանաները մանրամասնորեն ներկայացրել են իրենց համայնքներում արձանագրած առաջընթացները, խոսել նոր ծրագրերի եւ խնդիրների մասին: Ժողովի ընթացքում քննարկվել են նաեւ հոգեւոր կյանքն աշխուժացնելու եւ հզորացնելու զանազան այլ հարցեր:
Սրբազան Հայրն իր ամփոփիչ ելույթում գնահատանքի խոսք է ուղղել թեմի հոգեւորականներին եւ հորդորել ի կատար ածել մի շարք կարեւոր առաջադրանքներ. հնարավորինս միօրինականացնել բոլոր ծեսերը, զարգացնել կրթա-դաստիարակչական ծրագրերը` ստեղծելով Հայորդյաց տուն անվանումով հայեցի դաստիարակության կենտրոններ, աշխուժացնել երիտասարդաց միությունների գործունեությունը եւ այլն:
Մայիսի 28-ին Սրբազան Հոր առաջնորդությամբ հոգեւորականները եղել են նորակառույց մայր եկեղեցում, միասնական աղոթք բարձրացրել առ Աստված համալիրի արդեն ավարտին հասած փոքր եկեղեցում, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին:



























