ԱՄՆ կրեդիտային վարկանիշի նվազումը եւ դրան հաջորդած «դրամատիկ» իրադարձությունները` կապված ԱՄՆ պետական պարտքի հետ, պատճառ դարձան, որ միջազգային ֆինանսական շուկաներում հուզումներ սկսվեն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել տնտեսագիտական հարցերով վրացի փորձագետ Գիա Խուխաշվիլին, հավելելով, որ ներկա միտումները կրում են կարճաժամկետ բնույթ եւ իրենց հետեւից լուրջ հետեւանքներ չեն բերի:

«Տնտեսության եւ քաղաքականության մեջ միանման գործընթացներ են ընթանում: Աշխարհը քաղաքական առումով դադարել է լինել միաբեւեռ, նույնը կարելի է ասել նաեւ տնտեսության մասին. մենք բոլորս ականատես ենք համաշխարհային տնտեսության դիվերսիֆիկացիայի»,- նշել է փորձագետը, հույս հայտնելով, որ աշխարհի ուժեղներն այնքան խելացի կգտնվեն, որ այս գործընթացը ինքնահոսի չեն թողի եւ կփորձեն այն դարձնել ավելի քիչ ցավոտ:

Գիա Խուխաշվիլիի կարծիքով, ամերիկյան տնտեսությունը աստիճանաբար դադարում է լինել վառ արտահայտված կենտրոն, իսկ դոլարը` բազային համաշխարհային արժույթ: «Այս գործընթացը կձգվի մի քանի տարի»,- ասել է նա ու հավելել, որ այսպես թե այնպես, այսօր համաշխարհային բորսաներում ամեն բան հանգիստ չէ:

Անդրադառնալով համաշխարհային տնտեսական վիճակի` Հարավային Կովկասում հնարավոր ազդեցությանը, փորձագետն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրները ներկրող սպառողներ են: «Մենք միացած չենք արժեթղթերի համաշխարհային շուկային, ուղղակիորեն դուրս չենք գալիս ֆինանսական շուկաներ: Թեեւ մենք դժգոհ ենք համաշխարհային տնտեսության մեջ մեր ինեգրացման ցածր աստիճանից, սակայն, բայց այս դեպքում, այդ հանգամանքը յուրօրինակ փրկություն է ցնցումներից»,- ասել է նա: