Հետարձակուրդային սթրեսը կարող է հանգեցնել աշնանային դեպրեսիայի: Դա անհատական բնույթ է կրում եւ կախված է տարբեր գործոններից: Այդ մասին հայտնել է հոգեբան Մարիա Ավետիսյանը օգոստոսի 16-ին կայացած ասուլիսում: Փորձագետը նշել է, որ սթրեսի պատճառով խախտվում են մարդու կենսաբանական ռիթմերը, իսկ ստեղծագործող մարդիկ հաճույք չեն ստանում իրենց հանգստից, այդ պատճառով նրանք դժվարանում են վերադառնալ սովորական աշխատանքային ռեժիմին:
Փորձագետը հայտնել է, որ սթրեսի պատճառ կարող են հանդիսանալ մարդու կյանքում տեղի ունեցող եւ դրական եւ բացասական անսպասելի երեւույթները: Եվ որպեսզի այնպիսի դրական երեւույթ, ինչպիսին երկար սպասված արձակուրդն է, չդառնա հոգեբանական հարված, հոգեբանը խորհուրդ է տվել հաճախ հանգստանալ:
Իր հերթին, ասուլիսի մեկ այլ բանախոս, դոցենտ, հոգեթերապեւտ Ռուբեն Պողոսյանը նշել է, որ միայն լիարժեք հանգիստը կարող է ետ պահել սթրեսից: Ընդ որում, փորձագետը ստիպված էր ընդունել, որ դա դժվար է իրականացնել: Սթրեսի ախտանիշները կարող են վառ չարտահայտվել, օրինակ գլխացավ, ձեռքերի դող, սառած վերջույթներ եւ այլն, որոնք կարող են թուլացնել կամ կործանել օրգանիզմը: «Սթրեսը ներվային, ստամոքսային, աղիքային, սրտանոթային հիվանդությունների աղբյուր է հանդիսանում: Բայց հարկ է նշել, որ թեթեւ սթրեսը կարող է օգտակար լինել»,- նշել է հոգեթերապեւտը:
Արձակուրդի թեմային վերադառնալով` Պողոսյանը նշել է, որ մարդուն անհրժեշտ է 3-ից 6 ամիս նորմալ աշխատանքային ռիթմին վերադառնալու համար: Ընդ որում, տեղեկատվական դաշտում աշխատող մարդկանց համար արձակուրդից հետո առավել դժվար է կենտրոնանալ աշխատանքի վրա:




























