2009 թվականի նոյեմբերին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի անդամակցումը ՀՀԿ-ին ամրացրեցին նրա եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը: Ինչպես նշվում է WikiLeaks-ի բացահայտած փաստաթղթերից մեկի, նման տեսակետ են հայտնել Հայաստանի քաղաքական շրջանակների ներկայացուցիչները:
«Որոշ փորձագետներ կարծում են, որ այս անսպասելի զարգացումը Սերժ Սարգսյանի քայլն էր` իր քաղաքական հիմքն ամրացնելու եւ խորհրդարանի հավակնոտ խոսնակ Հովիկ Աբրահամյանին զսպելու համար: Մյուսները դա համարում են անհրաժեշտ քայլ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից` իր մրցակիցներին զսպելու եւ այդ պաշտոնում մնալու համար: Որոշները նշում են, որ նախագահն ամրացնում է պաշտպանությունը` հնարավոր քաղաքական հարձակման դեպքում, որոնք անխուսափելիորեն կլինեն, եթե իր արտաքին քաղաքական ռազմավարություններից մեկը` հայ-թուրքական գործընթացը չարդարացնի իրեն»,- նշվում է WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթում:
Հիշեցնենք, որ 2009-ի նոյեմբերին Տիգրան Սարգսյանի հետ ՀՀԿ-ին են անդամագրվել նաեւ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Անկախ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով, 2008-ից ի վեր Տիգրան Սարգսյանի կողմից ՀՀԿ-ին անդամակցելու ցանկության բացակայությունը դժգոհություն էր առաջացնում ՀՀԿ-ի ներսում:
Հիշեցնենք, որ 1993-95-ին Տ. Սարգսյանը Հայաստանի Գերագույն Խորհրդի պատգամավոր է եղել` ընդդիմադիր ԱԺՄ խմբակցության անդամ: 1998-2008-ին Սարգսյանը եղել է ՀՀ ԿԲ նախագահ, չլինելով կուսակցական:
«Երբ ԿԲ նախագահը դարձավ վարչապետ, շատերը ենթադրում էին, որ նա շատ շուտ կլքի այդ պաշտոնը, քանի որ կուսակցակական աջակցություն չունի: Խոսակցություններն այդ մասին միշտ ի հայտ էին գալիս, երբ վարչապետը հայտարարում էր հերթական հակակոռուպցիոն միջոցառումների մասին, որը կարող էր ոտնահարել օլիգարխների շահերը:
Մենք կարծում ենք, որ վարչապետին եւ նրա կողմնակիցներին առնելով ՀՀԿ-ի պաշտպանության տակ եւ Տ. Սարգսյանին նշանակելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, նախագահը հասկացնել տվեց, որ վարչապետի դեմ ուղղված փորձերն ուղղված են ՀՀԿ-ի դեմ, հետեւաբար հենց իր դեմ»,- նշվում է ԱՄՆ դեսպանատան գաղտնի նամակում:




























