Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` սեպտեմբերի 3-ի երեկոյան կվերադառնա Երեւան:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 3-ին, Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից: Հայաստանի եւ Տաջիկստանի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ հարաբերություններն ու տարբեր ոլորտներում փոխգործակցությունը, քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, այդ թվում` ԱՊՀ-ի շրջանակներում Հայաստանի եւ Տաջիկստանի միջեւ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Տաջիկստանի նախագահի հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ ձեւավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին, որին ներկա են եղել ԱՊՀ 11 անդամ երկրներից 8-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի նախագահները: ԱՊՀ խորհրդի նեղ կազմով հանդիպումից հետո, տեղի է ունեցել երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստը, որտեղ քննարկվել են ԱՊՀ շրջանակներում անվտանգության, միգրացիոն, մշակույթի եւ մի շարք այլ ոլորտներում անդամ երկրների համագործակցությանն առնչվող մեկ տասնյակից ավելի հարցեր, ստորագրվել են փաստաթղթեր:
Օրակարգի կարեւորագույն հարցերից է եղել «ԱՊՀ քսանամյա գործունեության արդյունքները եւ հեռանկարային խնդիրները» խորագրով վերլուծական զեկույցը, որում անդրադարձ է կատարվել կազմակերպության շրջանակներում անվտանգության, տնտեսական, հումանիտար եւ մյուս առաջնահերթ ուղղություններով համագործակցության 20-ամյա փորձին, ԱՊՀ հետագա զարգացման ու ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային օրակարգի արդիական խնդիրների վերաբերյալ:



























