Սերբական սլիվովիցան (սալորից խմիչք) ընդգրկվել է ՄԱԿ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ որպես նվիրական ավանդույթ, որը մարդկությունը պետք է պահպանի, հայտնում է Reuters-ը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները այս շաբաթ Մարոկկոյում կայացած հանդիպման ժամանակ որոշել են, որ «սլիվովիցայի պատրաստման եւ օգտագործման հետ կապված սոցիալական պրակտիկան եւ գիտելիքները» արժանի են ՄԱԿ-ի ճանաչմանը՝ որպես կարեւոր մշակութային ավանդույթի օրինակ, հայտարարել է Սերբիայի մշակույթի նախարարությունը:

Նախարարությունը հայտը 2021 թվականին է ներկայացրել։ Հայտն արտացոլել է ողջ գործընթացը՝ սկսած սալորի աճեցումից մինչեւ ըմպելիքի պատրաստումը, ինչպես նաեւ թե որքան լայնորեն է տարածված ավանդույթը։

Սլիվովիցան դարեր շարունակ ձեռքով են պատրաստել Սերբիայում՝ սովորույթ, որը փոխանցվել է սերնդեսերունդ, որը, ըստ փորձագետների, դարձել է ազգային ինքնության մաս: Ավանդույթը դեռեւս տարածված է բալկանյան երկրի գյուղական վայրերում՝ չնայած ժամանակակից խմիչքների եւ ապրանքանիշների առատությանը:

Սերբ փորձագետներն ասում են, որ սլիվովիցան տիպիկ սերբական արտադրանք է, քանի որ այն ստանում են տեղական մրգերից:

Սերբերը սլիվովիցան խմում են, երբ նշում են, սգում, ողջունում հյուրերին եւ նշում կարեւոր իրադարձություններ, եւ այդպես արել են դարեր շարունակ: Մարդիկ միշտ պահել են իրենց լավագույն շշերը հարսանիքների, ծնունդների եւ թաղումների համար՝ սերբական ավանդական ոգին սերնդեսերունդ դարձնելով առօրյա կյանքի մի մասը:

Ներկայումս սլիվովիցան նաեւ սերբական արտահանման կարեւոր ապրանք է եւ գրավում է զբոսաշրջիկներին։ Վերջին տարիներին ի հայտ են եկել սլիվովիցայի եւ այլ մրգային բրենդիների փոքր ձեռնարկություններ, որոնք առաջարկում են ժամանակակից փաթեթավորում՝ էթնիկ դիզայնով:

Որակը բարելավելու համար սլիվովիցան երբեմն հնեցնում են կաղնու տակառներում, որոնք նրան շագանակի գույն են տալիս՝ վիսկիի նման, եւ մի քիչ դառը համ։ Եվ տարիքի հետ նա ավելի լավն է դառնում: