Բրիտանական Քենթ կոմսությունում հին հռոմեական բնակավայրի հետքեր են հայտնաբերվել, հայտնում է Kent Online-ը։
Հայտնագործությունը, որը թվագրվում է մ.թ. 1-4-րդ դարերով, արվել է Դիլ քաղաքի Wingfield Place բնակելի թաղամասի շինարարության տարածքում։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ այս հողում եղել է բնակավայրի հարավային ծայրամասը, հավանաբար մեծ ֆերմա կամ փոքրիկ գյուղ։ Հնագետներին հաջողվել է նաեւ հողի տակից լավ վիճակում գտնվող կերամիկայի նմուշներ, այդ թվում՝ կավե ամանեղեն հանել: Դրանք եղել են դիակիզված աճյունների թաղման վայրերում։
Բացի այդ, ամենուր տեսանելի են հին փոսերի ու խրամատների հետքեր։ Ամենայն հավանականությամբ, դրանք փայտե խոշոր շինությունների հետքեր են։ Շինհրապարակի հյուսիսում վերջին 100 տարվա ընթացքում բազմաթիվ հնագույն արտեֆակտներ են հայտնաբերվել, եւ, ամենայն հավանականությամբ, դրանք միասնական համալիրի մաս են կազմել:
Շինարարական աշխատանքները շարունակվել են միայն բոլոր գտածոները հանելուց եւ կոնսերվացնելուց հետո։





























