Ամերիկյան Նյու Յորք նահանգի Էլմայրա քաղաքի 100-ամյա բնակչուհի Էթնա Մեյ Թեյլորը հայտնել է իր երկարակեցության գաղտնիքը, հայտնում է Weny News-ը։

Թեյլորը ծնվել է Ֆլորիդա նահանգում, երիտասարդ տարիքում տեղափոխվել է Նյու Յորք եւ երկար տարիներ աշխատել իրավաբանական ընկերությունում: Կինը հետաքրքրքվում է նորաձեւությամբ, պարերով, բայց ամենից շատ սիրում է ուտեստներ պատրաստել։ Էլմայրայի բնակիչների շրջանում Թեյլորը հայտնի է որպես գերազանց խոհարար։ «Ինչ-որ մեկը տարածել է, որ եթե իմ տուն գաք, երբեք սոված չեք հեռանա»,- ասում է նա։

Կինն ունի երկու որդի, որոնցից ավագի տարիքը ութսունն անց է։ Նա նաեւ թոռներ ու ծոռներ ունի, որոնց ճշգրիտ թիվը չի հիշում՝ պատճառաբանելով, որ նրանք չափազանց շատ են։ Խոհարարության սիրահարը որպես իր երկարակեցության գաղտնիք բարոյականությունն է նշել։ «Մարդկանց հետ վարվեք այնպես, ինչպես կուզեիք, որ նրանք վարվեին ձեզ հետ: Դա միակ բանն է, որին ես հավատում եմ»,- ասել է Թեյլորը։