Ցածրահասակ տղամարդիկ հակված են նարցիսիզմի՝ ավելի ուժեղ երեւալու, զուգընկերների վրա ավելի լավ տպավորություն թողնելու եւ ավելի ահեղ տեսք ունենալու համար: Ցածրահասակ կանայք չունեն այս հատկությունը։
Այս եզրակացություններին են հանգել լեհ գիտնականները 367 մարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում: Նրանք հոգեբանական հարցաթերթիկներ են լրացրել եւ գնահատել են բավարարվածությունն իրենց հասակով, գրում է Daily mail-ը։
Հարցաթերթիկի պատասխանները ցույց են տվել, թե որքանով են տղամարդկանց եւ կանանց մոտ զարգացած «մութ եռյակին»՝ փսիխոպատիային, նարցիսիզմին եւ մաքիավելիզմին բնորոշ գծերը։ Դրանք բնութագրվում են կարեկցանքի բացակայությամբ եւ հակասոցիալական վարքագծով, եսակենտրոնությամբ, մանիպուլյացիաներով եւ բարոյականության հանդեպ անտարբերությամբ:
Ցածրահասակ մարդիկ, որոնք ցանկանում են բարձրահասակ լինել, ավելի բարձր միավորներ են ստացել «մութ եռյակի» բոլոր երեք հատկանիշների համար: Բայց նարցիսիզմը հատկապես արտահայտված է եղել տղամարդկանց մոտ։
«Երբ մարդիկ չեն կարող ֆիզիկապես հզոր լինել, նրանք կարող են հոգեպես փոխհատուցել դա: Ցածրահասակ մարդիկ հաճախ են ունենում փսիխոպատիա: Դա դրսեւորվում է հարգանքի հատուկ պահանջով»,- հավելել է աշխատանքի գլխավոր հեղինակ Մոնիկա Կոզլովսկան։





























