Twitter-ի նախկին մենեջերը, որը մեղավոր է ճանաչվել Սաուդյան Արաբիայի օգտին լրտեսության մեջ, դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման, հայտնել է ԱՄՆ դատախազությունը, տեղեկացնում է Reuters-ը։

Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանում դատավարությունից հետո Ահմադ Աբուամոն մեղավոր է ճանաչվել երդվյալ ատենակալների կողմից:

Դատախազները ավելի քան յոթ տարվա ազատազրկում են պահանջել՝ ասելով, որ իրենց անհրաժեշտ է «բավականաչափ խիստ դատավճիռ, որպեսզի տեխնոլոգիաների եւ սոցիալական ցանցերի ոլորտում մյուսներին հեռու պահեն խոցելի օգտատերերի տվյալները վաճառելուց»: Աբուամոյին սպառնում էր առավելագույնը տասնամյակների ազատազրկում։

Գործը վերաբերել է Twitter-ի երկու օգտատերերի մասին տեղեկություն գտնելու Աբուամոյի փորձերին, 42 000 դոլար արժողությամբ ժամացույցին, որը նա ստացել էր սաուդցի պաշտոնյանից, եւ 100 000 դոլարի երկու բանկային փոխանցումներին:

Դատախազները հայտնել են, որ Աբուամոն, որը համակարգում էր Twitter-ի հարաբերությունները լրագրողների եւ հայտնի մարդկանց հետ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, գաղտնի տեղեկատվություն է փոխանցել ընկերության համակարգերից, որպեսզի օգնի սաուդյան իշխանություններին բացահայտել եւ գտնել նրանց հետաքրքրող օգտատերերին՝ պոտենցիալ կերպով հետապնդումների ենթարկելով նրանց:

Աբուամոյի փաստաբաններն ասում են, որ մինչ նա աշխատել է Twitter-ում, նրա ընտանիքը «ամեն կերպ փորձել է հաղթահարել նրա քրոջ կյանքում տեղի ունեցած լուրջ ցնցումները», ներառյալ՝ նրա նորածին դստեր համար մասնագիտացված բժշկական օգնությունը:

Փաստաբանները նաեւ հայտարարել են, որ Աբուամոյի գործողությունները ոչինչ են համեմատած Ալի Ալզաբարայի՝ Twitter-ի մեկ այլ նախկին աշխատակցի գործողությունների հետ, որին մեղադրել են Սաուդյան Արաբիայի անունից Twitter-ի հազարավոր էջեր մուտք գործելու համար: Ալզաբարան նախքան իրեն մեղադրանք առաջադրելը հեռացել է Միացյալ Նահանգներից։