ԱՄՆ-ում 10-ամյա տղան մեղադրվում է իր մոր կանխամտածված սպանության մեջ, քանի որ վերջինս նրա համար վիրտուալ իրականության ականջակալ չի գնել։

Դատավորը հրաժարվել է իջեցնել Միլուոկիից տղայի համար նշանակված 50 000 դոլար գրավը:

Milwaukee Journal Sentinel թերթը հայտնում է, որ դատարանում իր առաջին ելույթի ժամանակ տղայի փաստաբանը պնդել է, որ գրավը 50 000 դոլարից պետք է նվազեցվի մինչեւ 100 դոլար, քանի որ նա եկամտի աղբյուր չունի: Միլուոկի շրջանի դատավոր Ջեյն Քերոլը հրաժարվել է նվազեցնել գրավի չափը եւ նաեւ սահմանափակումներ է սահմանել տղայի ուղեւորությունների համար, եթե գրավը վճարվի:

Ըստ քրեական գործի՝ տղան նախ ոստիկաններին ասել է, որ նոյեմբերի 21-ի կրակոցը դժբախտ պատահար է եղել։ Բայց ավելի ուշ նա հայտարարել է, որ կանխամտածված թիրախավորել է իր 44-ամյա մորը, նախքան նրա վրա կրակելը, քանի որ զայրացել է, որ նա շուտ է արթնացրել իրեն եւ չի գնել իր ուզածը:

Տղային մեղադրանքն առաջադրվել է ինչպես չափահասի՝ առաջին աստիճանի կանխամտածված սպանության կամ առաջին աստիճանի անզգույշ սպանության համար:

Վիսկոնսին նահանգի օրենքը պահանջում է, որ 10 տարեկան երեխաները որոշ լուրջ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկվեն որպես չափահաս, թեեւ տղայի փաստաբանները կարող են փորձել գործը փոխանցել անչափահասների դատարանին: Տղան, որը, հարազատների խոսքով, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, պահվում է անչափահասների գաղութում։