Հուսահատվելով բավարարել Ուկրաինայի ռազմական կարիքները՝ Պենտագոնը ուղիներ է փնտրում՝ հավաքման գծերը արագացնելու եւ երկարաժամկետ պայմանագրերով զենք արտադրողներին գրավելու համար, գրում է Bloomberg-ը։
Սա նաեւ հանգեցրել է ավելի լուրջ հարցերի ԱՄՆ-ի՝ ինքն իրեն եւ պատերազմի դաշնակիցներին մատակարարումներով ապահովելու հնարավորությունների վերաբերյալ։ Քանի որ Ուկրաինան շարունակում է պնդել ավելի շատ ու ավելի կատարելագործված սպառազինությունների մասին, ԱՄՆ-ն պետք է բախվի այն ռիսկի հետ, որ իր որոշ ցամաքային զենքի պաշարները կարող են սպառվել, եթե հանկարծակի նրան անհրաժեշտ լինի պաշտպանվել, օգնել Թայվանին պաշտպանվել Չինաստանից կամ դիմադրել Հյուսիսային Կորեային։
Մինչ ԱՄՆ-ն փողն ու արտադրությունը կենտրոնացրել է անտեսանելի կործանիչների, արհեստական ինտելեկտով ակնոցների եւ հիպերձայնային զենքերի վրա, Ուկրաինային անհրաժեշտ են հրետանային արկեր, տանկեր եւ ուսից արձակվող հրթիռներ՝ ռուսական ցամաքային հարձակումները հետ մղելու համար:
Թվերը ապշեցուցիչ են։ Դեկտեմբերի 9-ի դրությամբ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել ավելի քան 1 միլիոն 155 մմ հրետանային արկեր, 180 000 105 մմ հրետանային արկեր, ավելի քան 8500 Javelin հակատանկային հրթիռներ, 4200 155 մմ Excalibur գերճշգրիտ հրթիռային արկեր եւ 1600 շարժական Stinger հրթիռներ:
Ճիշտ այնպես, ինչպես կորոնավիրուսային համավարակը բացահայտեց մատակարարումների պակասը՝ միկրոչիպերից մինչեւ խոհանոցային պահարաններ, Ուկրաինայի պատերազմը եւ նրա բանակի կարիքները ցույց տվեցին, թե որքան խոցելի է դարձել Պենտագոնը մատակարարումների պակասի պատճառով:
Օրինակներից մեկը՝ NASAMS ազգային առաջադեմ զենիթահրթիռային համակարգերն են, որոնք ցանկանում է ստանալ Ուկրաինան: Նոյեմբերին Պենտագոնը արագացրեց առաջին երկու NASAMS-ների առաքումն Ուկրաինա՝ համակարգելով գործընկերների եւ դաշնակիցների հետ առկա պաշարներից բաղադրիչների օգտագործումը: Սա թույլ տվեց օգոստոսի 26-ին 182 միլիոն դոլար հատկացնել այս առաջին երկու համակարգերի համար:
Մյուս օրինակը HIMARS-ն է՝ շարժական հրթիռային համակարգը, որը Պենտագոնը վերջին տարիներին գնել է սահմանափակ քանակությամբ: Միացյալ Նահանգները Ուկրաինային փոխանցել է 38 հրետանային հրթիռային համակարգեր։
Անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա Ուկրաինայի կամ Թայվանի հետ, որոշ պաշտոնատար անձինք կարծում են, որ ԱՄՆ-ում կրիտիկականորեն կարեւոր պաշարները ցանկացած պարագայում չափից քիչ են։ «Մենք բոլորս կցանկանայինք ավելի շատ պաշարներ ունենալ, քան ունեինք վերջին մի քանի տարիներին»,- ասել է Բանակի նախարար Քրիստին Վորմուտը։
Չնայած կոնկրետ զինամթերքների ստույգ մակարդակները, որպես կանոն, գաղտնի են պահվում, կա կոնսենսուս այն մասին, որ պաշարները պետք է զգալիորեն ավելացվեն։
Ուկրաինայի անսպառ պահանջմունքն ի հայտ է բերում բացերը։ Զենքի արտադրության աճն Իրաքում եւ Աֆղանստանում պատերազմներով պայմանավորված՝ մարտական գործողությունների թուլացմանը զուգընթաց մարեց։ Raytheon-ը 2020թ. դադարեցրեց Stinger հրթիռների արտադրությունը։Այժմ ԱՄՆ-ը փորձում է վերականգնվել՝ խրախուսելով այնպիսի ընկերությունների, ինչպիսին են Raytheon-ը եւ Lockheed-ը, վերագործարկել արտադրագծերը։
Այս ամենի հետեւում թաքնված է գնումների անվարժ, ցավագին դանդաղ գործընթացը՝ մասամբ շնորհիվ օրենսդրական եւ նորմատիվ երաշխիքների, որոնք կանխում են անարդար գնագոյացումը։
«Խնդիրը համակարգի լարվածությունն է»,- ասել է Սպիտակ տան պաշտպանական բյուջեի նախկին ռեւիզոր Մարկ Կանչիանը, որն այժմ աշխատում է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում։ «Ռազմական պլանավորողները ցանկանում են հյուծված պաշարները լրացնել որքան հնարավոր է արագ, որպեսզի նվազեցնեն ռիսկը։ Մյուս կողմից՝ պայմանագրերի աշխատակիցները պետք է հետեւեն զգուշավորության միջոցներին, որոնք ուղղված են սխալների եւ չարաշահումների կանխմանը»։
Պենտագոնը փորձում է համոզվել այն բանում, որ իրականում ԱՄՆ-ում զինամթերքները չեն սպառվում։





























