14 եւ 15 տարեկան երկու դպրոցականներ զոհվել են, եւս երկու դեռահասներ վնասվածքներ են ստացել ուրբաթ կեսօրին Չիկագոյի Վեսթ Սայդ շրջանի միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հաղորդում է AP-ը։

Չիկագոյի հրշեջ ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ չորս դեռահասներ գնդակահարվել են Բենիտո Հուարեսի ավագ դպրոցի մոտ: Չիկագոյի ոստիկանության տեսուչ Դեւիդ Բրաունը հաստատել է երկու զոհերի մասին լուրը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ կրակոցներից հետո կասկածյալներից ոչ մեկը չի ձերբակալվել կամ ճանաչվել: Նրանք դիտել են տեսախցիկների ձայնագրությունները, սակայն չեն կարողացել պարզել, թե որտեղից է եկել հրաձիգը։

15-ամյա դեռահասը, որը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել, ճանաչվել է որպես Բրենդոն Պերեզ:   

14-ամյա դեռահասը նույնպես վիրավորվել է գլխի շրջանում եւ տեղափոխվել տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

15-ամյա աղջիկը ազդրի վնասվածք է ստացել, իսկ մեկ այլ 15-ամյա դեռահաս վիրավորում է ստացել ուսի  եւ ազդրի հատվածում։ Երկուսն էլ տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Տեսուչի խոսքով՝ կասկածներ կան, որ հրաձգությունը կապված է ավազակախմբերի միջեւ կոնֆլիկտի հետ։