Երեք շիմպանզեներ գնդակահարվել են, իսկ չորսը շարունակում են մնալ ազատության մեջ՝ շվեդական Ֆուրուվիկ կենդանաբանական այգում վանդակից նրանց առեղծվածային փախուստից հետո, հայտնում է Live Science-ը։
Չորեքշաբթի կեսօրին (դեկտեմբերի 14-ին) կենդանիները փախել են իրենց վանդակից, եւ նրանց վրա կրակել են կենդանաբանական այգու աշխատակիցները, որոնք մեծ վտանգի կենթարկվեին, եթե փորձեին հանգստացնել կապիկներին: Մի շիմպանզեն հրազենի վիրավորում ստանալուց հետո ինքնուրույն վերադարձել է վանդակ։
Ֆուրուիկի կենդանաբանական այգին, որը գտնվում է Ստոկհոլմից մոտ 168 կիլոմետր դեպի հյուսիս, փակ էր մինչեւ սեզոնի ավարտը, երբ շիմպանզեները անհայտ ձեւով փախել են։ Յոթ կենդանիներից բաղկացած խումբը մեծ ժողովրդականություն է վայելում Շվեդիայում, եւ նրանց մահը հասարակության վրդովմունքն է առաջացրել: Ի պատասխան՝ Ֆուրուվիկ կենդանաբանական այգին հայտարարել է, որ սպանությունները անհրաժեշտ են եղել։
Այգին պաշտպանում է իր աշխատակիցների գործողությունները՝ պնդելով, որ նրանք չէին կարողանա հանգստացնել կենդանիներին առանց իրենց վտանգի ենթարկելու։
«Անզգայացումը տարբերակ չէ, երբ շիմպանզեն դուրս է գալիս իր վանդակի սահմաններից՝ վտանգի ենթարկելով մարդկանց անվտանգությունը,- գրված է կենդանաբանական այգու Facebook-յան էջում,- Անզգայացնող միջոցով նետ արձակելու համար պետք է շատ մոտ լինել կենդանուն: Սա, զուգակցված այն փաստի հետ, որ անզգայացնող միջոցի ազդեցության համար մինչեւ 10 րոպե է անհրաժեշտ, նշանակում է մեծ վտանգ կա մարդկանց անվտանգության համար: Ուստի երբ շիմպանզեն հայտնվում է ազատության մեջ, ցավոք, պետք է կրակել սպանելու համար»:
Սակայն շվեդական ոստիկանությունն ավելի ուշ հաստատել է, որ միջադեպը գրանցվել է որպես կենդանիների պաշտպանության շվեդական օրենքի խախտում, ըստ որի՝ կենդանիների վանդակները պետք է պաշտպանված լինեն փախուստից:




























