Թռչնի գրիպի բռնկումը, որն ամայացրել է ընտանի թռչունների համաշխարհային ֆերմաները, ներկայում ամենալուրջն է հաշվառում վարելուց ի վեր։ Այն հանգեցրել է ձվի գնի կտրուկ աճի, սպառնում է թռչունների՝ ազատության մեջ պահվելուն եւ կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ թռչունների առողջության համար, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Թռչնի գրիպի սեզոնն ավանդաբար սկսվում է ամեն հոկտեմբերին։ Բայց այս տարի հիվանդության դեպքերն արագ տարածվեցին տարվա տաք եղանակին՝ սաստկացնելով վիրուսի տարածումը եւ զանգվածային խոտանումներ առաջացնելով։ Կենդանիների Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ընտանի թռչունների կորուստները հոկտեմբերից մոտ 70 տոկոսով գերազանցում են անցած տարվա տեմպերը՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ հասնելով 16,1 մլն թռչնի, ինչն ավելին է, քան նախորդ հինգ տարիներին միասին վերցրած, տեղեկացրել է WOAH-ը։

«ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում սա առաջ է բերել սեզոնային ֆիրմային կերակրատեսակների հետ կապված մտավախություններ, ինչպիսին են տապակած հնդկահավը Գոհաբանության եւ Սուրբծննդյան օրերին։ Բայց թռչնամիսը հիմնական սննդաբաժնի մաս է կազմում ամբողջ աշխարհում, եւ խոտանումը սահմանափակում է մթերքների մատակարարումը՝ ձվից մինչեւ ֆուա-գրա, խորացնելով պարենային գնաճը, որն այս տարի հարվածել է սպառողական բյուջեներին»,- նշվել է հոդվածում։

Rabobank-ի կենդանական սպիտակուցի գծով մասնագետ Նան-Դիրկ Մալդերը գործակալությանն ասել է, որ թռչնամսի համաշխարհային արտադրությունը, հավանաբար, կավելանա մոտ 1 տոկոսով այս եւ հաջորդ տարիներին՝ հետ մնալով 2,5 տոկոս պատմական նորմերից։ Դա կհանգեցնի գների աճի, ավելացրել է նա։

«Ներկա պահին բարձր գները ձեռնտու են թռչնապահներին, չնայած ռիսկերն ավելանում են նույնքան արագ։ Պահանջարկ կա, բայց առաջարկ՝ ոչ։ Սա չափազանց անորոշ շուկա է»,- ասել է Մալդերը։