Կիեւը Հռոմից խնդրել է ՀՕՊ համակարգեր, այդ թվում՝ ֆրանկո-իտալական SAMP/T-եր։ Այս մասին Reuters-ին ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի Ուկրաինային զենք մատակարարող երկրներին։ Նա հավելել է, որ Իտալիան բաց է նաեւ ԵՄ Պաշտպանական գործակալության համատեղ գնումների առաջարկների համար։
Նա նշել է, որ Եվրոպան «երբեք թույլ չի տա Ուկրաինայի պարտությունը», սակայն հավելել է, որ դաշնակիցները նաեւ պետք է հիմք դնեն խաղաղ բանակցությունների համար եւ խուսափեն Մոսկվայի հետ լարվածության սրումից։ «Ոչ ոք չի հաղթի այս պատերազմում ավանդական իմաստով, եւ նրանք (Ռուսաստանը) դա գիտակցում են, բայց ոչ ոք չպետք է մտածի, որ Եվրոպան ու ՆԱՏՕ-ն ցանկանում են, որ ինչ-որ մեկն ամեն գնով պարտվի դրանում»,- ասել է Կրոզետոն:
Նա հավելել է, որ Եվրոպայի տարածքում լայնամասշտաբ պատերազմի սկիզբը փոխել է պաշտպանության մասին տեսակետները ողջ ԵՄ-ում, եւ այժմ լուրջ վերանորոգում է պահանջվում՝ ապագա մարտահրավերներին դիմակայելու համար: «Եվրոպան կարծում էր, որ կարող է կառուցել իր պաշտպանությունը առանց պատերազմների աշխարհում… նա արթնացել է երազից եւ հայտնվել է իրականության մեջ, որտեղ հնարավոր է ավանդական ներխուժման եւ տարածքային օկուպացիայի պատերազմ»,- ասել է նա:
Կրոզետոյի խոսքով, եվրոպական բանակները պետք է դիտարկեն աջակցությունը հատուկ ուժերին, որոնք արագ արձագանքում են սպառնալիքներին այն դեպքում, երբ ողջ պաշտպանական արդյունաբերությունը պետք է ավելի արդյունավետ լինի: «Ռազմական հետազոտությունների եւ մշակումների համար պահանջվող ժամանակը շատ ավելի երկար է, քան ոչ ռազմական հատվածների համար, եւ դա պետք է փոխել»,- ասել է Կրոզետոն:




























