Թուրքիան միջուկային փոքր ռեակտորներ գնելու շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ։ Երկիրը հույս ունի հրաժարվել ածուխից։
«Լուրջ հետաքրքրություն կա ատոմային էներգիայի նկատմամբ՝ որպես ածուխով աշխատող էլեկտրակայանները փոխարինելու միջոց»,-Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջուկային էներգետիկայի ոլորտում կոմերցիոն մրցունակության հարցերով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը:
Նրա խոսքով՝ հնարավոր է ձեռք բերել մինչեւ 35 փոքր մոդուլային ռեակտորներ։ Թուրքիան հույս ունի մինչեւ 2050 թվականը ստանալ ատոմային էներգիայի հաշվին էլեկտրաէներգիա արտադրելու համար 20 գիգավատ հզորություն: «Հիմա հարցն այն է, թե ինչպես ենք համագործակցելու»,-ասել է նա։
Փոքր մոդուլային ռեակտորները սովորաբար արտադրում են հարյուր մեգավատ կամ մի փոքր ավելին, ինչը սովորական ռեակտորների չափի մոտավորապես տասներորդ մասն է։
Այս մասշտաբի ներդրումները կարժենան միլիարդավոր դոլարներ։
ԱՄՆ-ի հետ բանակցություններն ընթանում են այն պահին, երբ ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերությունը մոտենում է Թուրքիայի հարավում «Ակկույու» ատոմակայանի շինարարության ավարտին: Կառավարությունը նաեւ բանակցություններ է վարում «Ռոսատոմի» հետ՝ Սեւ ծովի ափին գտնվող Սինոպում երկրորդ էլեկտրակայան կառուցելու շուրջ։
Թուրքիայում կա 68 ածխային էլեկտրակայան, որոնք անցյալ տարի բավարարել են նրա էլեկտրաէներգիայի կարիքների մոտ մեկ երրորդը։ Երկիրը նպատակ ունի հասնել զրոյական ածխածնի արտանետումների մինչեւ 2053 թվականը:





























