ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուշագիր է ստորագրել Ուկրաինային 1 մլրդ դոլարի ռազմական օգնության տրամադրման մասին։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ եւ օրենքներով ինձ որպես նախագահ տրված լիազորությունների համաձայն՝ ես պետքարտուղարին լիազորում եմ ուղղորդել պաշտպանության նախարարությանը տրամադրված մինչեւ 1 միլիարդ դոլարի չափով հատկացումների օգտագործումը՝ Ուկրաինային աջակցելու նպատակով»,- ասված է հուշագրում։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ 1 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը Ուկրաինային կտրամադրի հակաօդային պաշտպանության եւ բարձր ճշգրտության հարվածների հնարավորություններ, ինչպես նաեւ լրացուցիչ զինամթերք եւ ծայրահեղ կարեւոր սարքավորումներ:
«Պաշտպանության նախարարությունը նաեւ այսօր հայտարարում է Ուկրաինային 850 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին՝ որպես Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության մաս: Այսպիսով, Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի աննախադեպ 21,9 մլրդ դոլար։
Այսօրվա օգնությունն առաջին անգամ ներառում է հակաօդային պաշտպանության Patriot համակարգ, որը կարող է խոցել թեւավոր հրթիռներ, կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ եւ ինքնաթիռներ զգալիորեն բարձր հեռավորության վրա, քան նախկինում տրամադրված ՀՕՊ համակարգերը:
Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան կպահանջվի, որպեսզի Կիեւը կարողանա պաշտպանել իրեն եւ հնարավորինս ուժեղ դիրք գրավել բանակցությունների սեղանի շուրջ, երբ ժամանակը գա»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:





























