ԱՄՆ-ում նոր մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքի ծավալը կկրճատվի դեկտեմբերի արդյունքներով, կանխատեսում են JD Power-LMC Automotive-ի վերլուծաբանները: Պատճառը մեքենաների բարձր գներն ու վարկերի աճող տոկոսադրույքներն են, որոնք ամերիկացիներին ստիպում են տնտեսել խոշոր ձեռքբերումների վրա։ Ըստ զեկույցի՝ նոր մեքենայի համար վարկի ամսական վճարումը դեկտեմբերին կազմել է 718 դոլար, ինչը 47 դոլարով ավելի է, քան 2021 թվականի նույն ամսվա ընթացքում:

Փորձագետների կանխատեսումներով՝ դեկտեմբերին ԱՄՆ-ում նոր ավտոմեքենաների մանրածախ վաճառքը կկազմի մոտավորապես 1,04 միլիոն միավոր, ինչը 2,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Սակայն, եթե կանխատեսման մեջ ներառենք նաեւ մեծածախ գնումները, ապա շուկան աճ կցուցաբերի․ իրացվելու է 1,25 միլիոն ավտոմեքենա, ինչը 5,3 տոկոսով ավելի է 2021 թվականի դեկտեմբերի ցուցանիշի համեմատ։

Չնայած ավտոմոբիլային մանրածախ արդյունաբերության ներկայիս մարտահրավերներին՝ վերլուծաբաններն ակնկալում են, որ 2023 թվականը կբերի վաճառքի ծավալների աճ։

Ինչ վերաբերում է համաշխարհային վաճառքներին, ապա դրանք տարվա արդյունքներով կկազմեն շուրջ 80,7 միլիոն միավոր ՝ 2021 թվականի համեմատ կրճատվելով մեկ տոկոսով։ Սակայն այստեղ էլ վերլուծաբանները դրական են նայում ապագային․ 2023 թվականին շուկան կաճի վեց տոկոսով՝ հասնելով 85,7 մլն՝ չնայած բազմաթիվ շուկաներին սպառնացող ռեցեսիային։