Գերմանիան մտադիր է մեծացնել կախվածությունը ածխից՝ նույնիսկ կլիմայի հարցում հավակնոտ ծրագրերի հաշվին:

Bloomberg-ի տվյալների համաձայն՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունն այրում է հանածո վառելանյութեր՝ առնվազն վերջին վեց տարվա համեմատ ամենաարագ տեմպերով էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Գերմանիան կարող է դառնալ նաեւ այն քիչ երկրներից մեկը, որը հաջորդ տարի կավելացնի ածխի ներկրումը։

Ամբողջ աշխարհում ածուխը վերադառնում է շուկա, քանի որ երկրները պայքարում են՝ կանխելու էներգակիրների գնաճի հետեւանքով տնտեսական ճգնաժամի առաջացումը:

«Բոլորը հավատարիմ են մնում իրենց կլիմայական նպատակներին, սակայն երբ դուք կանգնած եք լույսը վառ պահելու կամ ածխածնի արտանետումները կրճատելու երկընտրանքի առաջ, ընտրությունը լույսը վառ պահելն է», - ասել է Միջազգային էներգետիկ գործակալությունում գազի, ածխի եւ էներգիայի գծով ղեկավարի պաշտոնակատար Կառլոս Ֆերնանդես Ալվարեսը։

Գերմանիան նախատեսում է աստիճանաբար՝ մինչեւ 2038 թվականը դադարեցնել ածխի օգտագործումը, սակայն իշխող կոալիցիան ձգտում է նման արդյունքի հասնել ավելի վաղ՝ 2030թվականին: Ընթացիկ ճգնաժամը հաղթահարելու համար երկիրը ժամանակավորապես վերաբացել է ածուխով աշխատող մի քանի էլեկտրակայաններ, որոնք փակվել էին: Շատ երկրներում ածուխով աշխատող սահմանափակ թվով էլեկտրակայաններ վերադառնում են շահագործման:

Ըստ Destatis դաշնային վիճակագրական ծառայության տվյալների՝ Գերմանիան ներկայումս իր էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը արտադրում է ածուխով աշխատող էլեկտրակայաններից: Գործակալությունը հայտնել է, որ իր ածխի հզորությունը երրորդ եռամսյակում 13,3%-ով ավելի է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Գերմանիայում ածուխը շուկա վերադարձնելու երկու հիմնական պատճառ կա՝ թանկարժեք բնական գազից հրաժարումը եւ էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը Ֆրանսիայից, որտեղ էլեկտրաէներգիայի արտադրությունը միջուկային ռեակտորների փակման պատճառով դադարել է:

Թեեւ գազի եւ ածուխի գները վերջերս նվազել են, այնուամենայնիվ ավելի շահավետ է ավելի կեղտոտ վառելիք այրել էլեկտրաէներգիա արտադրելու համար: