Ճապոնիան կազմել է եւս մեկ ռեկորդային նախնական բյուջե եկող ֆինանսական տարվա համար՝ ավելացնելով աշխարհի ամենամեծ պարտքը զարգացած երկրների շարքում։
Bloomberg-ի ստացած փաստաթղթերի համաձայն՝ ապրիլին սկսվող տարվա բյուջեն կկազմի մոտ 114,4 տրլն իեն (867 մլրդ դոլար)։ Պլանի համաձայն՝ մեծ մասը ծախսվելու է սոցապահովության նպատակներով։
Ծախսերի ցուցակի կարեւոր կետերից է պաշտպանությունը՝ մոտ 6,8 տրլն իեն, ինչը 5,4 տրլն իենով ավելի է ընթացիկ տարվա ծախսերից։ Պաշտպանական ծախսերը, որոնք կկազմեն ընդհանուր ծախսերի մոտ 6 տոկոսը, եղել են կառավարող կուսակցության բանակռիվների կենտրոնում։
Ինչ վերաբերում է եկամուտներին, Ճապոնիան ռեկորդային հարկային եկամուտ կստանա՝ մոտ 69,4 տրլն իենի չափով՝ այս տարվա 65,2 տրլն իենի համեմատ, ինչը վկայում է, որ երկիրը վերականգնվում է համավարակից հետո։
Փաստաթղթերի համաձայն՝ մնացած ծախսերի ապահովման համար կառավարությունը սպասում է մոտ 35,6 տրլն իենի ֆինանսավորման՝ ի հաշիվ պարտատոմսերի։ Չնայած այդ գումարը մի փոքր նվազել է այս տարվա 36,9 տրլն իենի համեմատ, սակայն սա նշանակում է, որ պարտատեր երկիրը պետք է պարտք վերցնի ավելի քան 30 տոկոս միջոցներ, որոնք անհրաժեշտ են բյուջեի ֆինանսավորման համար։
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն՝ այս տարի Ճապոնիայի պետական պարտքը հասել է ռեկորդային՝ ՀՆԱ-ի 264 տոկոսի։ Անգամ Ճապոնիայի բանկի ընթացիկ նվազագույն տոկոսադրույքների դեպքում եկող տարի երկիրը պարտքի սպասարկման համար պետք է ծախսի մոտ 25,3 տրլն իեն։
Կառավարության պաշտոնյաները, սակայն, պնդում են, որ շարունակելու են փորձել մինչեւ 2025 ֆինանսական տարին հավասարակշռել բյուջեն՝ բացի պարտքի սպասարկման ծախսերից։





























