Չիլին նախատեսում է դեսպանություն բացել Պաղեստինում, ինչը կարող է անդյան երկիրը դարձնել ոչ մեծաթիվ երկրներից մեկը, որոնք դեսպանության մակարդակով հաստատություն կունենան այն տարածքներում, որոնք վիճարկում է Իսրայելը։

Չիլիի արտաքին գործերի նախարար Անտոնիա Ուրեխոլան հաստատել է պլանը, բայց նշել, որ կոնկրետ ժամկետ դեռ չկա, եւ Չիլին շարունակում է ճանաչել ե՛ւ Պաղեստինը, ե՛ւ Իսրայելը որպես օրինական պետություններ, տեղեկացրել է Reuters-ը։

«Ես համարձակվում եմ (ասել) սա... մենք պատրաստվում ենք մեր պաշտոնական ներկայացուցչությունն ունենալ Պաղեստինում՝ ժամանակավոր հավատարմատարից սկսելով. այժմ մենք պատրաստվում ենք դեսպանություն բացել»,- ավելի վաղ հայտարարել էր երկրի նախագահ Գաբրիել Բորիչը։

Չիլիում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչը նշել է, որ այս առնչությամբ հրապարակային հայտարարություն չի անի։

Սեպտեմբերին Բորիչը հետաձգել էր Չիլիում Իսրայելի նոր դեսպանի հավատարմագրերն ստանալն այն բանից հետո, երբ իսրայելական ուժերն սպանել էին պաղեստինցի դեռահասին։ Իսրայելը քննադատել էր այս որոշումը՝ հայտարարելով, որ  դա «լուրջ» վնաս է հասցրել երկկողմ հարաբերություններին։