Ճապոնիան եկող տարի ավելի քան մեկ քառորդով կավելացնի պաշտպանության ծախսերը, այդ թվում՝ 1,6 մլրդ դոլար կհատկացնի, որպեսզի գնի ամերիկյան արտադրության «Թոմահավք» թեւավոր հրթիռներ։ Դա կլինի ամենամեծ ձեռքբերումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, տեղեկացրել է Reuters-ը։
26,3 տոկոսով՝ մինչեւ 6,82 տրլն իեն (51,7 մլրդ դոլար) ավելացումը ապրիլի 1-ից սկսվող տարում Ճապոնիային թույլ կտա եռակի ավելացնել սպառազինությունների ծախսերը։
Բյուջեն, որն օրենսդիրները հաստատել են մինչեւ ապրիլ, նախատեսում է 897 մլրդ իեն զենքի համար։ Դա ավելին է, քան նախորդ չորս տարիները միասին վերցրած։ Ճապոնիան այդ գումարի մոտ կեսը կօգտագործի մեծ հեռահարության նոր հրթիռներ ստեղծելու համար, որոնք Tomahawks-ի հետ միասին նրան հնարավորություն կտան խոցելու թիրախներն ավելի քան 1 000 կիլոմետր հեռավորությամբ, այդ թվում Չինաստանում։
Տոկիոն նախատեսում է այս նոր զենքի ծավալումն սկսել երեք տարի հետո, ճեպազրույցում ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։
Ճապոնիան, որը հրաժարվել է պատերազմ վարելու իրավունքից Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո, նախատեսում է կրկնապատկել պաշտպանական ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի 2 տոկոսին հինգ տարվա ընթացքում։
Օդում իր մարտական հնարավորություններն ամրապնդելու համար երկիրը նաեւ նախատեսում է 250 մլրդ իենով գնել 16 անտեսանելի F-35 կործանիչ։
Ճապոնիան նաեւ հաջորդ տարի 102 մլրդ իեն կհատկացնի Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի հետ համատեղ ռեակտիվ կործանիչների արտադրության նախագծին, որի մասին հայտարարվել էր այս ամիս եւ որի նպատակն է մինչեւ 2035թ. գործարկման մեջ մտցնել կատարելագործված ինքնաթիռը։





























