Լեհաստանը Եվրահանձնաժողովի դեմ բողոք է ներկայացրել ԵՄ բարձրագույն դատարան՝ օրական 1 միլիոն եվրո տուգանքի առնչությամբ:

Լեհաստանի կառավարությունը կարծում է, որ տուգանքը, որը հասել է ավելի քան 400 միլիոն եվրոյի, պետք է հանվի, քանի որ այն համապատասխանում է՝ դատավորների այսպես կոչված կարգապահական պալատը լուծարելու մասին ԵՄ բարձրագույն դատարանի որոշմանը, ասել է Եվրոպական հարցերի նախարար Շիմոն Շինկովսկի վել Սեկը։

Այս քայլը Լեհաստանի եւ ԵՄ-ի միջեւ լարվածության նոր սրացման դրսեւորումն է, ինչը կապված է օրենքի գերակայության շուրջ տարաձայնությունների հետ: Բացի այդ, դա պայմանավորված է նաեւ նրանով, որ կառավարական կոալիցիայի ներսում առկա տարաձայնությունները խանգարում են կառավարությանը հարգել Բրյուսելի հետ կնքած համաձայնագիրը, որը ճանապարհ կհարթի 35,4 միլիարդ եվրո հետհամաճարակային օգնության համար:

«Գերագույն դատարանի կարգապահական պալատը լուծարվեց, եւ դրույթները, որոնք կասկածներ էին հարուցում Եվրահանձնաժողովի մոտ, դադարեցին կիրառվել», - Bloomberg-ին ասել է Շինկովսկին, ով հաստատել է հանձնաժողովի դեմ վարույթի հարուցումը՝ հավելելով, որ, ըստ այդմ, հանձնաժողովի կողմից տույժեր կիրառելու հիմքեր չկան։

Անցյալ ամիս Լեհաստանը հանձնաժողովին խնդրել է կասեցնել տուգանքի հաշվարկը հուլիսի 15-ից այն բանից հետո, երբ խորհրդարանը փոփոխություններ է կատարել, որոնք վիճարկվող կարգապահական մեխանիզմը փոխարինել են նոր պալատով:

Կառավարությունը հրաժարվել է վճարել տուգանքը, որը կուտակվում էր անցյալ տարվա նոյեմբերից։ Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովը պարբերաբար կրճատում է Լեհաստանի կողմից դաշինքի բյուջեից ստացվող վճարումների գումարը: