Ֆրանսիայի քրդական դեմոկրատական ​​խորհուրդը (CDK-F) Փարիզում տեղի ունեցած հրաձգությունը, որի հետեւանքով երեք քուրդ ակտիվիստ է զոհվել, ահաբեկչություն է որակել:

«Այս ուրբաթ՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին, զինված անձը ահաբեկչություն է իրականացրել Փարիզի 10-րդ թաղամասում գտնվող մեր շտաբի դիմաց... Ֆրանսիայի Քրդական դեմոկրատական ​​խորհուրդը կտրականապես դատապարտում է Թուրքիայի բազմաթիվ սպառնալիքներից հետո իրականացված այս նողկալի ահաբեկչությունը»,- ասվում է խորհրդի տարածած ուղերձում:

Քրդական խորհուրդը հաստատել է, որ երեք քուրդ ակտիվիստ է զոհվել։

Ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը կրակ է բացել Փարիզի 10-րդ թաղամասում. նրան բերման են ենթարկել, գործողության շարժառիթներն անհայտ են։ Ըստ Agence France-Presse-ի՝ նա ազգությամբ ֆրանսիացի է, որը ոստիկանությանը հայտնի է 2016 եւ 2021 թվականներին իրականացրած երկու մահափորձով։ Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով երեք մարդ է զոհվել, տուժածներից երկուսի վիճակը ծանր է, եւս երկուսինը՝ միջին ծանրության։ Փարիզի դատախազությունը սպանության գործով հետաքննություն է սկսել։