Ճապոնիայի իշխանությունները որոշել են հրաժարվել ռազմական զսպվածության սկզբունքից, հաղորդում է ամերիկյան Foreign Affairs ամսագիրը:

Ընդ որում, նշվում է, որ Ճապոնիան ծրագրում է կրկնապատկել ռազմական ծախսերը։ Երկրի իշխանությունները պատրաստվում են առաջիկա հինգ տարում ավելացնել պաշտպանական բյուջեն մոտ 315 մլրդ դոլարով: Բացի այդ, երկրի իշխանությունները դիտարկում են թշնամու տարածքում հակահարված հասցնելու հայեցակարգը։

Ամսագիրը նշում է, որ նոր ռազմավարությունը զգալիորեն տարբերվում է Տոկիոյի նախորդ քաղաքականությունից։

«Տոկիոն ավանդաբար սահմանափակել է իր գործունեությունը բազմակողմ խաղաղապահությամբ եւ ամերիկա-ճապոնական դաշինքով, իսկ պաշտպանական ծախսերը սահմանափակվել են ՀՆԱ-ի մեկ տոկոսով»,-ասվում է հրապարակման մեջ։

Foreign Affairs-ը շեշտում է, որ տարիների ընթացքում Ճապոնիան ունեցել է ժողովրդագրական, տնտեսական եւ տեխնոլոգիական ներուժ՝ մեծ տերություն դառնալու համար, բայց այսօր երկիրը բախվում է նոր մարտահրավերների: Ամսագիրը Ճապոնիայի գլխավոր սպառնալիքը համարում է Չինաստանը, որն ավելացնում է ինչպես սովորական, այնպես էլ միջուկային սպառազինությունը։ Սպառնալիք է նաեւ ԿԺԴՀ-ն, որը, պարբերականի տեղեկություններով, 2022 թվականին 86 հրթիռային փորձարկում է իրականացրել։