Առնվազն 13 մարդ զոհվել, 23-ը համարվում է անհետ կորած հորդառատ անձրեւների առաջ բերած հեղեղումների պատճառով։ Ինչպես նշվել է Տարերային աղետների վտանգի նախազգուշացման եւ հետեւանքների վերացման ազգային խորհրդի՝ երեքշաբթի հրապարակված հաշվետվությունում, հեղեղումները վնաս են պատճառել ավելի քան 166,3 հազար մարդու հանրապետության վեց շրջաններում։

Գերատեսչության տվյալներով՝ 45,3 հազար տեղահանվածներ գտնվում են 87 տարհանման կենտրոններում։ Առնվազն 136 մարդ նախապես հեռացել էր տներից։ Վեց մարդ տարբեր վնասվածքներ է ստացել։ Հանրապետության վեց շրջաններում գրանցվել է տարերային աղետի հետ կապված 347 միջադեպ, այդ թվում հեղեղումներ եւ սողանքներ։

Աղետը վնասել է 369, ոչնչացրել 165 տուն, վնասը կազմել է 11,2 մլն պեսո (204,9 հազար դոլար)։ 22 ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված վնասը գնահատվում է 14,5 մլն պեսո (263,2 հազար դոլար), գյուղատնտեսությանը հասցված վնասը՝ 61,8 մլն պեսո (1,1 մլն դոլար)։ Հեղեղումները վնասել են  110 ճանապարհ եւ չորս կամուրջ, խաթարվել է չորս ծովային նավահանգիստների աշխատանքը։ 56 քաղաքներում կան էլեկտրամատակարարման խափանումներ, բայց 32-ում  խափանումներն արդեն վերացվել են, երեք շրջան ջրամատակարարման հետ կապված խնդիրներ ունի։

67 քաղաքներում եւ շրջաններում դադարեցվել են դասերն ուսումնական հաստատություններում եւ աշխատանքը ձեռնարկություններում։ Մի քաղաքում մտցվել է աղետի ռեժիմ։ Օգնության համար կառավարությունն արդեն հատկացրել է 5,2 մլն պեսո (95,2 հազար դոլար)։