Գլենդելում ծաղկի խանութի սեփականատերը ձերբակալվել է իր տանը` հաճախորդներից գողացած բանկային հաշիվների տեղեկատվությունն օգտագործելու համար: Նա այդ քայլին էր դիմել Գլենդելի «Target» խանութներից 1900 դոլար արժողությամբ նվեր քարտեր գնելու համար: Այս մասին հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, «Daisy’s Florist»-ի սեփականատեր Վահիկ Ղուկասյանը, ենթադրվում է, քարտեր է գնել, որոնք ամենուր կարելի է օգտագործել իբրեւ նախապես լրացված դեբետ քարտեր, իսկ հետո սեփական խանութից ապրանքներ է «գնել», որպեսզի փող գրպանի:
Ենթադրաբար, Ղուկասյանը գողացել է հաճախորդների բանկային հաշիվների տվյալները, երբ վերջիններս գնումներ են կատարել նրա խանութից: Իսկ հետո վերակոդավորել է քարտերի տեղեկատվությունը, որպեսզի «Target» խանութներից 19 հարյուրդոլարանոց քարտ գնի:
Խուզարկուները նրա տանը հարյուրավոր վերակոդավորված քարտեր, համակարգիչներ, կոշտ սկավառակներ եւ այլ կասկածելի սարքեր են հայտնաբերել: Գործակալները ծաղկի խանութում նաեւ կրեդիտ քարտերի սքիմինգի սարք են հայտնաբերել:
Ղուկասյանի կինն ու որդին, որոնց անուններն առայժմ չեն հրապարակվում, եւս ձերբակալվել են` խաբեությանը մասնակցելու կասկածանքով:
Խուզարկուները Ղուկասյանի որդու մեքենայում ինքնասոսնձվող թղթով փաթեթավորված բազմաթիվ կրեդիտ քարտեր են գտել, որոնց վրա ձեռագրով եռանիշ PIN կոդ է գրված եղել:




























